Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC04869-min-min
A A
Հասարակություն

Համակարգային լուծումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում. շվեյցարական SIGMA ծրագրի փորձը

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի միայն 57.2%-ն է վաճառվում ներքին շուկայում կամ արտահանվում1: Գյուղացիական տնտեսությունների համար բերքի իրացման առաջնային խնդիրներից է մթերման և երկարատև պահպանման հնարավորությունների պակասը:

Օրինակ, հանրապետության ամենամեծ գյուղում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում, միակ գործող սառնարանային տնտեսությունը հիմնադրվել է բոլորովին վերջերս՝ 2024 թ.-ի հոկտեմբերին, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի աջակցությամբ:

Կենտրոնը հնարավորություն է տալիս Վարդենիկի և հարակից շուրջ 20 բնակավայրերի ֆերմերներին ամբողջությամբ իրացնել բերքը՝ շահագրգռելով նրանց ընդլայնել արտադրանքի ծավալները: «Վարդենիկ» սառնարանային տնտեսությունը հիմնադրվել է «շուկայական համակարգերի զարգացում» (Market Systems Development (MSD)) մոտեցման կիրառմամբ, որը տարեցտարի ավելի լայն տարածում է գտնում Հայաստանում և զարգացող այլ երկրներում:

Ի տարբերություն ուղղակի օժանդակություն տրամադրող նախաձեռնությունների, որոնք արագ, բայց կարճաժամկետ լուծումներ են առաջարկում գյուղատնտեսության և այլ ոլորտներում առկա խնդիրներին՝ MSD ծրագրերը նպաստում են առավել տևական և համակարգային փոփոխությունների իրականացմանը: Եթե դրամաշնորհային ծրագրերը միտված են սահմանափակ թվով շահառուների որոշակի սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանը ֆինանսական, նյութական կամ տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով, ապա MSD ծրագրերը առավել կայուն շուկայական հիմքեր են ստեղծում։

MSD մոտեցման կիրառումը նպաստում է այնպիսի շուկայական համակարգերի ձևավորմանը, որոնք ծրագրի ավարտից հետո ևս շարունակում են գործել՝ գրանցելով երկարաժամկետ արդյունքներ:

Կայուն աճ ապահովելու նպատակով համագործակցություն է հաստատվում հանրային և մասնավոր հատվածների տարբեր դերակատարների հետ: Հատկապես, առանցքային դեր ունեն թիրախային ոլորտներում գործող մասնավոր կազմակերպությունները, որոնց հետ MSD ծրագրերը համատեղ ներդրումներ են իրականացնում՝ ի նպաստ համայքների զարգացման:

«Շուկայական համակարգերի զարգացում» մոտեցումը որդեգրած SIGMA ծրագրի նպատակն է կրճատել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ իրականացնելով ներառականությունը և նորարարականությունը խթանող, ինչպես նաև շրջակա միջավայրը չվնասող նախաձեռնություններ գյուղատնտեսության ոլորտում: Ծրագիրը միտված է ապահովելու ավելի բարձր եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր գյուղացիական փոքր տնտեսությունների համար՝ առաջնահերթ կարևորելով նաև սոցիալապես խոցելի խմբերի ներգրավվածությունը:

Առաջին փուլի (2024-2026 թթ.) շրջանակում ծրագրի թիրախային մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը և Գեղարքունիքը: SIGMA-ն նպաստում է հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, մրգերի և հատապտուղների, ինչպես նաև բանջարեղենի արտադրության ու մեղվաբուծության զարգացմանը:

Տևական փոփոխություններ խթանելու նպատակով՝ ծրագիրը վերհանել է գյուղատնտեսության այս ենթաոլորտների զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք են ոռոգման, գյուղատնտեսական մեքենայացման, բերքի մթերման և վերամշակման, սերմերի և տնկանյութի արտադրության, մեղվաբուծության զարգացման ծառայությունների ու ագրոտեխնոլոգիաների համակարգերում առկա տարբեր խնդիրները:

SIGMA-ն համակարգային լուծումներ է առաջարկում այս խնդիրներին. այն համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ և նրանց հետ համատեղ ներդրումներ է իրականացնում` նպաստելով թիրախային համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը: Այս ներդրումների արդյունքում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում օգտվել մի շարք նոր կամ բարելավված ծառայություններից, զարգացնել իրենց արտադրությունը, մեծացնել եկամուտները և մուտք գործել ընդլայնված շուկաներ: SIGMA-ի գործընկեր մասնավոր ընկերությունները, իրենց հերթին, ձեռք են բերում եկամտի նոր աղբյուրներ՝ գյուղացիական տնտեսություններին մատուցելով համատեղ ներդրումային ծրագրերի արդյունքում ստեղծված ծառայությունները:

2024 թ.-ի ընթացքում SIGMA ծրագրի աջակցությամբ հաստատվել և ներկայումս իրականացման տարբեր փուլերում են գտնվում նմանատիպ 8 նախաձեռնություններ: Մեկնարկած 4 նախաձեռնությունների շրջանակում մշակվել են 9 նոր ծառայություններ, որոնցից արդեն օգտվել են շուրջ 200 գյուղացիական տնտեսություններ: Գործընկեր մասնավոր ընկերությունների կողմից կատարվել է լրացուցիչ մոտ 100 մլն դրամի ներդրում՝ նպաստելով թիրախային շուկայական համակարգերի զարգացմանը:

Ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ ներդրումային կարևոր նախաձեռնություններից է, օրինակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի զտման և ախտահանման կենտրոնի հիմնադրումը: Հայաստանում ֆերմերների մինչև 70%-ը ցանքի համար օգտագործում է մշակաբույսերի ցածրորակ սերմեր, ինչը մեծապես ազդում է բերքի որակի և քանակի վրա: Այս նախաձեռնության շրջանակում SIGMA-ի աջակցությամբ ձեռք է բերվել եվրոպական արտադրության նորագույն սերմնազտիչ սարքավորում, որը հնարավորություն կտա էապես բարելավել սերմերի որակը: Հիմնադրվող կենտրոնը զբաղվելու է բարձրորակ սերմերի արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև սերմերի զտման ծառայություն է մատուցելու Վարդենիսի և հարակից համայնքների ֆերմերներին` այդկերպ նպաստելով մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը։

Համատեղ ներդրումային մեկ այլ նախաձեռնության շրջանակում Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում ակտիվ աշխատանքներ են տարվում մեղվաբուծության առաջատար գիտաարտադրական և կրթական կենտրոնի հիմնադրման ուղղությամբ: Կենտրոնը մի շարք ծառայություններ է մատուցելու հանրապետության մեղվաբույծներին՝ նպաստելով մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի որակի բարելավմանը, առաջխաղացմանը և վաճառքի ծավալների աճին: Այն պատրաստ կլինի շահագործման 2025 թ.-ի ամռանը: Գյուղմեխանիզացիայի զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունքում Լոռու մարզի Գյուլագարակ և Շիրակի մարզի Ախուրյան համայնքներում մատուցվում են գյուղատնտեսական համապարփակ ծառայություններ SIGMA-ի աջակցությամբ ձեռք բերված ժամանակակից տեխնիկայի և գործընկերների կողմից ներդրված այլ սարքավորումների կիրառմամբ: 2025 թ.-ին իրականացվելիք ծրագրերի շրջանակում նախատեսվում է Տավուշի մարզի Բերդ համայնքում հիմնել սառնարանային տնտեսություն, իսկ Լոռու մարզի Ուռուտ գյուղում՝ մոդուլային ալրաղաց: Թիրախային բոլոր չորս մարզերում գյուղատնտեսական դրոնների միջոցով նախատեսվում է մատուցել մշակաբույսերի պարարտացման և բույսերի պաշտպանության ծառայություններ:

Ակնկալվում է, որ մինչև 2026 թ.-ի ավարտը ավելի քան 3400, իսկ մինչև 2028 թ.-ը ավելի քան 4000 գյուղացիական տնտեսություններ կբարելավեն եկամուտները, կունենան նոր կամ ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ օգտվելով ստեղծված հնարավորություններից:

Կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով SIGMA-ն առաջնահերթ կարևորում է կանանց, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և էթնիկ փոքրամասնությունների տնտեսական ներգրավվածությունը ծրագրում: Այս ուղղությամբ ծրագիրն իրականացնում է հանգամանորեն մշակված գործողությունների պլան, որը ներառում է նաև կարողությունների զարգացման միջոցառումներ:

Իր առջև սահմանված նպատակին հասնելու համար՝ SIGMA-ն համատեղ ներդրումներ է կատարում՝ ստեղծելով գյուղատնտեսական այնպիսի ծառայություններ, որոնք ոչ միայն նորարարական և արդյունավետ են, այլև կրկնօրինակելի են Հայաստանի այլ համայնքների համար ևս: Ծրագիրը խրախուսում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ ցուցաբերելով փորձագիտական և տեխնիկական աջակցություն:

SIGMA ծրագրի բյուջեն կազմում է 12 մլն շվեյցարական ֆրանկ (եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում): Նախատեսված տևողությունը տասը տարի է: Ծրագիրն իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «AMPERA» խորհրդատվական ընկերության կողմից: