
Հայաստանը ԵՄ-ում պաշտպանական հարցերով կցորդ կունենա
Աջակցիր «Ա1+»-ինՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդը համատեղությամբ նաև Եվրամիությունում ու Բելգիայի Թագավորությունում կզբաղեցնի այդ պաշտոնը։
Կառավարության որոշման համաձայն՝ նա կհամակարգի միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը։ Գործադիրն իր որոշումը հիմնավորում է «վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացմամբ»։
«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։ Բելգիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը ևս երկարաժամկետ հեռանկարում կարող է դրական դեր խաղալ ՀՀ պաշտպանունակության և դիմադրողականության զարգացման գործում», - նշված է փաստաթղթում: