Բացել լրահոսը Փակել լրահոսը
481302037_958195853102269_6971742871074742043_n
A A
Պաշտոնական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

 
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
 
Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով, մաղթեց արդյունավոր գործունեություն՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների առավել զորացման:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունները:
 
Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգություններին, Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների վերադարձման խնդրին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը։
 
Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հստակ դիրքորոշումը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դատապարտման և կանխման գործում։
 
Իր հերթին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով, հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ ջանքեր կգործադրի առավել խորացնելու և ընդլայնելու հայ-իտալական համագործակցությունը տարբեր ոլորտներում: