A
A
«Կապանն ավելի մոտ է, քան կարող է թվալ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿապանցիների ջերմ ժպիտներն արդեն Զվարթնոց օդանավակայանում են՝ ձեզ Կապան հրավիրելու համար։ Այստեղից Կապան հասնելու համար երկար ճանապարհ պետք չէ անցնել․ բավական է նստել ինքնաթիռ և ընդամենը րոպեներ անց հայտնվել այնտեղ։
Այսօրվանից Զվարթնոց օդանավակայանում ներկայացված է «Արի Կապան ինքնաթիռով» ֆոտո-ցուցահանդեսը, որի հեղինակն է լուսանկարիչ Նարեկ Արշակյանը։ Նրա խոսքով՝ այս նախագծի նպատակն է Կապանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնել։
«Հայաստան եկողները պետք է տեսնեն, որ ունենք այսպիսի հրաշագեղ քաղաք ու բնություն։ Կապանը ոչ միայն վայր է, այլև մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ։ Նրանց աչքերում կա յուրահատուկ կոլորիտ, որը խոսում է Կապանի ջերմության ու հյուրընկալության մասին», – ասում է Արշակյանը։
Ֆոտո-ցուցահանդեսի հերոսները հենց կապանցիներն են՝ տարբեր մասնագիտությունների մարդիկ, ովքեր յուրահատուկ կոչերով հրավիրում են Կապան։ «Արի Կապան, որ սիրահարվես», «Արի Կապան, որ ինքնակրթվես»․ այսպես յուրաքանչյուր լուսանկար ունի իր ուղերձը։
Գաստրո-մշակութային նոր մոտեցում
Ցուցահանդեսն իրականացվում է GastroCamp Armenia նախագծի շրջանակում, որը առաջին հերթին մարզում ապրող մարդկանց մասին է։
«Մարդը ուզում է տեսնել ուրիշ մարդուն՝ ում մոտ է նա գնալու, ով է իրեն ընդունելու, ով է պատրաստելու կերակուրները», – ասում է նախագծիհիմնադիր Աննա Մազմանյանը։
Ցուցադրության վայրը պատահական ընտրված չէ․ Երևանից Կապան ուղիղ չվերթներ են գործում, իսկ այս նախաձեռնության նպատակը հենց դա է․ ցույց տալ, որ Կապանը շատ ավելի մոտ է, քան թվում է։
«Մենք ասում ենք՝ արի Կապան ինքնաթիռով, որովհետև այն ավելի հասանելի է, քան երբևէ», – հավելում է Մազմանյանը։
Ցուցահանդեսը Զվարթնոց օդանավակայանում բաց կլինի երկու շաբաթ, և լուսանկարներից ժպտացող կապանցիները ձեզ կասեն՝ «Արի Կապան»։