Արայիկ Հարությունյանը ասում էր՝ այլևս չի ձգում, հրաժարական է տալու, Փաշինյանը լավ գիտի. Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարությունյանի հրաժարականի քննարկման և Սամվել Շահրամանյանի ընտրության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ Արցախում շրջափակման օրերին մշտական կապի մեջ է եղել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։
«Գրեթե ամեն օր էինք խոսում, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օրը մի քանի անգամ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին իրադարձություններին։
Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել դեռևս երեք ամիս առաջ, մինչև Արցախի անկումը։
«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շաբաթում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի արդեն երրորդ փորձն էր»,– նշել է Քոչարյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների պնդմանը, թե Արցախը «հանձնել» է Սամվել Շահրամանյանը, իսկ նրա ընտրությամբ Արցախում հեղաշրջում է տեղի ունեցել։
Քոչարյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այլևս ազդեցություն չունի, իր խոսքը տեղ չի հասնում, իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ուստի հրաժարականը համարել է ճիշտ որոշում։
«Ամեն անգամ Բակո Սահակյանն ու ևս մի քանի հոգի համոզում էին, որ հրաժարական չտա, բայց վերջին անգամ նա արդեն վերջնական որոշում էր կայացրել։ Նա նշել է, որ այլևս քննարկելու ոչինչ չկա, և պարզապես պետք է կողմնորոշվել, թե ով կարող է ստանձնել իշխանությունը»,– ասել է Քոչարյանը։
Շահրամանյանը միակը չէր
Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնալու առաջարկ արել է առնվազն երեք անձի, սակայն չի մանրամասնել, թե ովքեր են եղել նրանք։
Փաշինյանը տեղյակ էր իրավիճակից
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Քոչարյանին հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը այս ամբողջ գործընթացի մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում։ Ի՞նչ հեղաշրջում, ինչի՞ մասին է խոսքը»,– նշել է Քոչարյանը։
Նա նաև հավելել է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ինքն անձամբ չի ճանաչել և միայն իր ընկերների խնդրանքով է նրան շնորհավորել ու աջակցություն հայտնել։
«Այս ամենը շահարկելն այսօր պարզապես անբարոյականություն է»,– եզրափակել է Քոչարյանը։