A
A
Ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու աջակցություն՝ ռազմական գործողություններին մասնակցած անձանց
Աջակցիր «Ա1+»-ինՊետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։
Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝
Առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (37,500 դրամ), ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ մեկ տարի ժամկետով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25,000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով)։
Երրորդ բաղադրիչի շրջանակում՝ գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300,000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
Գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։