
A
A
Ստեփանավանում հրդեհի հետեւանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անց է կացվել խորհրդակցություն, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավանի ՄՍԾ տնօրեն Անժելա Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։
Նշվել է, որ տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել են հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում են։
Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ հրատապության՝ նաև դեղորայքով։
Համայնքապետարանի աշխատակիցների կողմից ներկայացվել է, որ կատարվել է առաջնային գնահատում, ըստ հրատապության՝ բնակիչներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։

