
Պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված կրճատված տրանսպորտային 423 միջոց ամրացվել է Պետգույքին՝ հետագայում օտարելու նպատակով
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է 52 մարմինների հաշվեկշռում հաշվառված 423 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Նախատեսվում է նաև հանձնման և ընդունման գործընթացն ավարտել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4 ամսյա ժամկետում:
Ինչպես նշել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, մեքենաների մեծամասնությունը աճուրդային եղանակով կվաճառվի, այն մեքենաները, որոնք թարմ են, կփոխարինվեն պետական համակարգում առկա հին մեքենաներով, եթե անհրաժեշտություն լինի։ Ըստ նրա՝ աճուրդները տեղի կունենան էլեկտրոնային եղանակով։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ մենք ունենք բավականին կրճատված ծառայողական մեքենաներ, բայց այս որոշումից հետո առավել ևս՝ ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենանների ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու։ Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել: Դա կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել: Իհարկե, սա էլ է մի հարց, որը մենք պետք է հընթացս մոնիթորինգ անենք և տեսնենք՝ արդյունավետությունը լավարկելու ինչ մեխանիզմներ կան, նաև տեղ-տեղ աշխատանքի արդյունավետությունը չվնասելու»: