Առաջիկա տասնամյակներին պղնձի ու մոլիբդենի պահանջարկը կբարձրանա, նավթի ու գազի կարևորությունը կնվազի․ Ջհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դա համընկավ նաև այն ժամանակահատվածի հետ, երբ նոր սեփականատեր եկավ ԶՊՄԿ, և նշանակվեց ներկայիս ղեկավարությունը։ Նման զուգադիպություններ միշտ չի լինում։ Դա ոչ միայն ճիշտ և արդյունավետ կառավարման արդյունք էր, այլ համընկավ այլ գործոնների հետ, օրինակ, 7-8 տոկոսով բարձրացան պղնձի և մոլիբդենի գները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ պատասխանելով կոմբինատի վճարած հարկերի մասին հարցին։
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը, քանի որ 2024թ․ վճարել է մոտ 102 մլրդ դրամի հարկեր։ Անդրադառնալով ԶՊՄԿ-ի հզորություններին՝ Վարդան Ջհանյանն ասում է, ուսումնասիրված տվյալների համաձայն՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը կշահագործվի ևս 50-70 տարի։ Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում չի բացառվում, որ մինչև 100 տարի շահագործվելու ռեսուրս ունենա։ Իսկ աշխարհում պղնձի և մոլիբդենի պահանջարկը, ուրեմն՝ նաև գները, գնալով ավելանում են։ Նրա ներկայացրած կանխատեսումների արդյունքում առաջիկա տարիներին պղնձի պահանջարկը 30 մլն տոննայից կհասնի, միգուցե նաև կանցնի 40 մլն տոննան։ Մոլիբդենի պահանջարկը կեռապատկվի։ Իսկ Հայաստանի հանքավայրերն այդ մետաղների շատ մեծ ռեսուրս ունեն։
Այդպիսով՝ Վարդան Ջհանյանը գտնում է, որ մեր երկիրը պետք է զարգացնի հանքարդյունաբերությունը։ Միաժամանակ ուշադրություն դարձնի էներգետիկ ոլորտի վրա։ Նրա կարծիքով՝ այդ երկու ոլորտները ունեն աճի լուրջ հնարավորություն, ինչն էլ կզարգացնի մեր երկրի տնտեսությունը։ Նա անգամ համոզված է, որ այդ ոլորտների զարգացումը 10-15 տարի անց կհանգեցնի մի իրավիճակի, որ Հայաստանն իր տնտեսական հզորություններով կհասնի, անգամ կանցնի Ադրբեջանին։
«Միաժամանակ լինելու է Ադրբեջանի տնտեսության թուլացում, քանի որ ժամանակի ընթացքում, ի տարբերություն պղնձի և մոլիբդենի, նավթի և գազի կարևորությունը նվազելու է։ Բացի այդ, Ադրբեջանի նավթի և գազի պաշարները քչանում են, իսկ մենք պղնձի և մոլիբդենի անսպառ պաշարներ ունենք։ Բայց զուգահեռաբար պետք է զարգացնել էներգետիկան։ Այդ երկու ոլորտները ճիշտ զարգացնելու դեպքում մենք կարող ենք 10-15 տարի հետո Ադրբեջանից ավելի հզոր տնտեսություն ունենալ»,- հավելեց Վարդան Ջհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։