ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է․ Օվերչուկ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին, շարժվելու են հյուսիսից հարավ ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների խաչմերուկից, և գնալու են ներքև»- նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն միշտ ողջունել է նման շփումները և նման համատեղ աշխատանքը, քանի որ, ըստ նրա, դա անկասկած կնպաստի տարածաշրջանի կայունությանը։
Քննարկումներն ու կարծիքներն այն մասին, որ Հայաստանը կարող է շարունակել մնալ ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ մտնելով ԵՄ կազմ, անհիմն են։ Եթե եվրոպական շուկաները բացվեն Հայաստանի համար, ապա կփակվեն ԵԱՏՄ երկրների շուկաները, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է․ դա պարզ է ցանկացածի համար, ով գոնե մի փոքր ծանոթ է, թե ինչպես են գործում այս երկու ինտեգրացիոն միությունները։ Եվ այն մարդիկ, որոնք Հայաստանում ընթացող քննարկումների շրջանակում պնդում են՝ իբրև թե հնարավոր է գտնել լուծում, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը։
«Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, հակառակ դեպքում կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները։ Դա ակնհայտ է։ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի ԵԱՏՄ-ի հետ մաքսային տուրքի սահմանում։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ հետևանքներն այդպիսին կլինեն, և ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։