Բացել լրահոսը Փակել լրահոսը
7da9d883-d50c-42c8-9892-a5851ad55648 (1)
A A
Պաշտոնական

Համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

Հունվարի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։

Մաեաստրո Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Ֆանտազիան՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի հատված «Նաբուկո» օպերայից, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թ.-ի դեկտեմբերի 23-ին, Կոստանդնուպոլսում։ 1934-1941թթ.-ին սովորել է Մխիթարյան վարժարանում, 1947թ.-ին ավարտել է Սեն Միշել ֆրանսիական քոլեջը, 1944թ.-ին՝ ընդունվել Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ։ 1951-1953թթ.-ին Չեքիջյանը եղել է Փարիզի École Normale de Musique կոնսերվատորիայի ուսանող և միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի դիպլոմ։ 1958-1961թթ.-ին անցել է հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում։

1961 թ.-ին Հովհաննես Չեքիջյանը տեղափոխվել է Հայաստան և մինչ այսօր ղեկավարում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ 1969 թ.-ին երգչախմբին շնորհվել են «Ակադեմիական», 1975-ին՝ «Վաստակավոր», 2012-ին՝ «Ազգային» կոչումները: Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում և բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Հայաստանից դուրս Մաեստրոն ունեցել է 873 համերգ։

Որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանը անգնահատելի ներդրում ունի հայ երաժշտական ժառանգության մեջ իր վոկալ-սիմֆոնիկ բանաստեղծություններով և խմբերգային մշակումներով։ Այսպես էր գնահատում Մաեստրոյին ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը՝ «...դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի և քո արվեստը դարձնել համամարդկային»։

 Հոբելյանական այս միջոցառումը երախտագիտության արտահայտություն է Հովհաննես Չեքիջյանի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ ունեցած ավանդի համար։