Հաստատ իշխող քաղաքական ուժը տվյալներ ունի, և դրանք անհանգստություն են պատճառել․ Բ․ Նավասարդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն ավելի խստորեն է հետևելու, որ իրականացվեն այն ծրագրերը, որոնք կապում է այդ գերատեսչությունների հետ։ Այլ հարց է, թե ինչքան հնարավորություն կունենա։ Մեր կառավարման համակարգը խիստ հաշվետվողականության սկզբունքով չի աշխատում։ Կարող է երկար ժամանակ ուշադրություն չլինել այս կամ այն պաշտոնյայի գործունեության նկատմամբ, հետո շատ կտրուկ հետևանք լինել։ Դժվար եմ պատկերացնում, որ ինչ-որ բան կփոխվի։ Ի վերջո երկրի առաջին դեմքը հակված է իրականացնել քաղաքական գործունեություն, քան թե մտնի կառավարման համակարգի մեջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած աղմկոտ պաշտոնանկություններին։
Հիշեցնենք, որ երկուշաբթի հրաժարականի դիմում ներկայացրեցին միանգամից վեց բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- այդ հրաժարականներն այսպես էր մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բորիս Նավասարդյանը նաև գտնում է, որ այդ կադրային ջարդը և վարչապետի սափրվելը պատահականություն չեն, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
«Բացի Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներից՝ հաստատ իշխող քաղաքական ուժն էլ ունի իր տվյալները, և դրանք անհանգստություն են պատճառել»,- հավելեց վերլուծաբանը։
Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուն, Ուկրաինային հեռահար հրթիռ օգտագործելու թույլտվությանը, Ռուսաստանի սպառնալիքներին ու այլ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։