Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 12-ը նոյեմբերի․ԱԺ-ն կառավարությանը եւ ԿԲ-ին առաջարկում է փող ուզելու փոխարեն կրճատել «շարիկ գլորողների» թիվը (տեսանյութ)

1992-ի այս օրերին 5 անգամ թանկացած հացը հանրապետության հացի խանութները չի թեթեւացրել հերթերից։ Թեպետ շատերի աշխատավարձը հազիվ հերիքի ամբողջ ամսվա ընթացքում միայն հաց գնելուն։ Հացի որակն էլ է թեմա, ժողովուրդը դժգոհում է, սակայն շարունակում է գնել՝ միայն հաց լինի։ Հերթերի ժամանակ գործին խառնվում է ոստիկանությունը՝ ուժի կոպիտ գործադրումով։ Այս օրերին Միացյալ Նահանգները ալյուր է բերում ինքնաթիռներով, որոնք կարող են լուծել միայն մայրաքաղաքի մեկ օրվա հացի խնդիրը։

1997-ի նոյեմբերի 12-ին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեն։ Նա պետական բյուջեն բնորոշում է որպես զարգացման։ Մյուս տարի խոստացվում է տարեկան մինչեւ 9 տոկոս գնաճ։ Ծախսերի ծավալը 208 միլիարդ դրամ է։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը խորհրդարանից պահանջում է 110 միլիոն դրամ կապիտալ վերանորոգումների համար, Գերագույն դատարանի նախագահը նույնպես փող է ուզում, բայց ոչ որպես մուրացկան։ Արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ ասում է, որ հյուրեր ընդունելու համար նախարարությունը ընդունելությունների տուն չունի։ Մասիսի շրջանի Ձորակ գյուղում բուժակ մանկաբարձական կենտրոն բացելու առիթով մեծ իրարանցում է։ Գյուղացիներին բաժանում են թղթեր, կնքում են դրանք, հետո բաժանում են օճառ, ծածկոց եւ վերնազգեստ։ Կենտրոնը գյուղացիներին առայժմ կսպասարկի անվճար, հետո երբ դեղորայքը վերջանա, ամեն ընտանիքից դեղերի համար կհավաքվի փոքրիկ գումար։

1998-ի նոյեմբերի 12-ին պատգամավորները կառավարությունից պահանջում են իրենց աշխատավարձը բարձրացնել մինչեւ 500 դոլար։ Խորհրդարանում ներկայացվում է 1999-ի պետբյուջեն։ Կառավարությունը խորհրդարանից իր ծախսերի համար գումար է ուզում «մի կերպ յոլա գնալու համար»։ Խորհրդարանը կառավարությանը եւ Կենտրոնական բանկին առաջարկում է փող ուզելու փոխարեն կրճատել «շարիկ գլորողների» թիվը։ Առաջին անգամ աչքի է զարնում պաշտոնյաների ճոխության եւ ժողովրդի աղքատության տարբերությունը։

1999-ի այս օրը բացվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու եզրափակիչ հատվածը:  Միջոցառմանը Հայաստանից ոչ ոք չի մասնակցում։ Ելույթներում ոգեւորություն չկա, պատճառն, ըստ Արցախի խորհրդարանի ղեկավար Օլեգ Եսայանի, հոկտեմբերի 27-ն է։ Միջոցառումից օտարված է նույնիսկ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Մինչդեռ Սամվել Բաբայանի անունն այդ օրերին կապվում է հոկտեմբերի 27-ի հետ։ Բաբայանն ասում է, որ կապում են, որպեսզի ես չմտնեմ Հայաստանի քաղաքական իշխանության եւ նրա հակառակորդ գեներալիտետի բանակցությունների մեջ։ Մինչդեռ նրան մեղադրում են, որ օրերս ձերբակալված Մուշեղ Մովսիսյանի միջոցով գրություն է փոխանցել Նաիրի Հունանյանին: Ի դեպ, այդ օրերին սրված են Սամվել Բաբայանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության հարաբերությունները։ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը դա հաստատում է:

1999-ի այս օրերին Երեւանի փողոցներում վխտում է անտառափայտը։ «Հայանտառը» տարօրինակ ապօրինի ոչինչ չի տեսնում սրա մեջ՝ ամեն տարի էլ որոշակի քանակի ծառ ենք կտրտում։ Դավիթ Մաթեւոսյանն ասում է, որ, այո, որոշ տեղերում համը հանել ենք, բայց միայն մենք չենք: Գրող Գուրգեն Ջանիկյանը 1999-ի այս օրերին պետք է լավատեսական մի վերջաբանով ավարտեր Վազգեն Սարգսյանին եւ նրա 500 մահապարտներին նվիրված մի գիրք։ Հոկտեմբերի 27-ը սրբագրեց այդ վերջաբանը: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2000 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանում գտնվող սփյուռքահայ գործարարներին կոչ են անում ներդրումներ անել Հայրենիքում՝ ցույց տալով իրենց սերը։ Քոչարյանը նրանց հասկացնում է, որ մեկ ժամ ժամանակ ունի անմիջական շփման համար:

2000-ի այս օրը Գյումրիում դրվում է ապագա շաքարի գործարանի հիմնաքարը։ Այս տարածքում նախատեսվում է կառուցել 4 գործարան՝ շաքարի, սպիրտի, դրոժի եւ լյումինաթթվի։ Նախատեսվում է, գործարանների շինարարությունն ավարտել 2002-ին։ Դրա համար չեխական «Շկոդան» եւ եվրոպականեւ համաշխարհային այ բանկեր ներդնելու են 80 միլիոն ամերիկյան դոլար։ Հեռանկարում կբացվեն այլ գործարաններ 24 հազար աշխատատեղի հնարավորությամբ։ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն անձամբ է փորձում հանգստացնել 53 եւ 56 հեռախոսակայանների բաժանորդներին, որոնց հեռախոսներն «Արմենթելն» անջատել է։ Բնակիչները կասկածում են, որ պատճառը բնակիչների չվճարած րոպեավճարն է։ Մինչդեռ հենց տեղում բաժանորդներին բաժանվում են տեղեկանքներ, որտեղ նշված են րոպեների քանակն ու գումարը:

2001-ի այս օրը Արմավիր քաղաքում գրեթե պաշտոնյաներ չեն մնացել, քաղաքը ոտքի է կանգնել եւ պահանջում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Քաղաքապետն իր հետ տարել է մշակույթի տան բանալիները։ Փակվել են քաղաքի բոլոր ճանապարհները։ Արմավիրցիները պահանջում են, որպեսզի բողոքի գործողությանը միանան քաղաքից ընտրված երեք պատգամավորները, եկել է միայն մեկը՝ Տարոն Սահակյանը:

2003-ի այս օրը ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ անհետանում է Հայաստանի օդային տարածքում։ Ինքնաթիռն անհետանում է ռադարների էկրաններից Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց։ Նրան փնտրում են Թուրքիայի սահմանին։ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը գրեթե ականջներին չի հավատում տեղեկանալով, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2009-ի նոյեմբերի 12-ի նախորդ օրը բոլորին կոչ է արել ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի Հայաստանը գնա եվրոինտեգրման ճանապարհով: