«Փարաջանով 100» շարֆերի և զգեստների հավաքածուն Միլանում գրանցած հաջողությունից հետո առաջին անգամ կներկայացվի Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՍերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը, որտեղ ներկայացված կլինեն հայկական Artuyt ընկերության շարֆերը և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հավաքածուն ավելի վաղ ներկայացվել էր Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում` Բագատի Վալսեկի թանգարանում, և Միլանում գրանցած մեծ հաջողությունից հետո այն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում:
Նոյեմբերի 15-ին կայանալիք փակ միջոցառման մանրամասներն այսօր ներկայացվել են Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում հրավիրված մամուլի ասուլիսում, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Artuyt ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանը և Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն անդրադարձել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հիշեցնելով, որ հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Նախարարի տեղակալը նշել է՝ հոբելյանական միջոցառումների իրականացման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1 մլրդ դրամի չափով գումար։
«Մոտեցումը հետևյալն է՝ դուրս գալ հուշ-երեկոների ձևաչափից և առաջարկել ավելի հետաքրքիր ու նորովի մոտեցում, թե ինչպես է այսօրվա երիտասարդը յուրացնում, ընկալում և հասկանում փարաջանովյան ժառանգությունը: Դա ամենակարևոր կետն է, և մենք տեսանք, որ սա ավելի հետաքրքիր է, քան պարզապես ֆիլմի ցուցադրությունը: Բնականաբար, ունեցել ենք նաև ֆիլմի ցուցադրություն, անցկացրել ենք գիտաժողովներ ու քննարկումներ: Կարծում եմ՝ անչափ հետաքրքիր էր փարաջանովյան ստեղծագործություններից ներշնչված դեֆիլեի կազմակերպումը: Սա մեզ թույլ է տալիս շատ հետաքրքիր կերպով շարունակել Փարաջանովի ստեղծագործական կյանքի և թողած ժառանգության հանրահռչակումը՝ ներգրավելով հասարակության ավելի լայն շերտերի»,- ասել է Դանիել Դանիելյանը:
«Արտույտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանը կարևորել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ արդեն 7 տարի շարունակվող համագործակցությունը: Նրա խոսքով՝ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում կազմակերպվել է նաև կինոդիտում՝ փարաջանովյան օր նվիրելով Միլանին: Երկօրյա միջոցառմանը ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, անցկացվել է դասախոսություն։
Ցուցադրությունը կազմակերպվել է Միլանի Բագատի Վալսեկի թանգարանում, որտեղ Վերածննդի դարաշրջանի աշխատանքներ են ներկայացվում, իսկ Փարաջանովն իր ստեղծագործություններով անդրադարձել է այդ շրջանին։ Արևիկ Առաքելյանի խոսքով՝ միջոցառումից հետո տարբեր համադրողներ, արվեստագետներ շնորհակալություն են հայտնել ցուցադրության համար՝ նշելով, որ ցուցադրության շնորհիվ ավելի լավ են ճանաչել Փարաջանովին, նրա արվեստը։
Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանի խոսքով՝ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստները ստեղծել են ցուցադրությունը լրացնելու, Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու նպատակով։ Հագուստները վաճառքի համար չեն, իսկ շարֆերի մի մասը Փարաջանովի կոլաժների արտատպում են, մի մասն էլ ստեղծվել է՝ ոգեշնչված Փարաջանովի արվեստից։ Նրա խոսքով՝ Միլանում նաև թվային արվեստի ցուցադրություն են կազմակերպել, որի շրջանակում իտալացի 9 և հայ 1 նկարիչներ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովից։
ՀՀ ԿԳՄՍՆ