Օրացույց․ 6-ը նոյեմբերի․ Վատություն է արվում հենց էն մարդուն, ում նշանակել են վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1990-ի նոյեմբերի 7-ը Հայաստանում աշխատանքային օր չէ: Սակայն դա ոչ մի կապ չունի Հոկտեմբերյան հեղափոխության հետ, պարզապես աշնանային դպրոցական արձակուրդի օրերից մեկն է: Ավելին, սովորական կիրակի օր է։ Վերջին մի քանի տասնյակ տարում առաջին անգամ Լենինի անվան հրապարակում հեղափոխության առաջնորդի արձանի մոտ հանդիսավոր որեւէ միջոցառում չկա:
1991-ի նոյեմբերի 7-ին Երեւանի այս հրապարակն այլեւս Լենինի անունով չէ: Չկա նաեւ Լենինի արձանը, թեպետ պատվանդանը դեռ պահպանվում է: Անկախության առաջին օրերին վերջնականապես դատարկվել են խանութների սառնարանները: Ադրբեջանը փակել է իր տարածքով Հայաստան մտնող ռուսական գազը: Այդ պատճառով հաց եւ էլեկտրաէներգիա չկա, փողոցային առեւտուրը մեծ եւ արագ թափ է հավաքում: Կարելի է արդեն ծխել Մարլբորո. իհարկե, ուսուցչի երկու ամսվա աշխատավարձով:
1997-ի նոյեմբերի 7-ին Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը հայտարարում է, որ կոմկուսը պատրաստ է իր վրա վերցնել ազգը բուրժուադեմոկրատներից փրկելու ծանր գործը: Մեծացել է, ըստ Բադալյանի, կոմունիստական կուսակցության դերը Հայաստանում: Հենց շնորհիվ Կոմկուսի է անկախ Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվել դեպի Հյուսիս՝ Ռուսաստան, բայց միեւնույն է, նրան փոխել պետք է: Հաջորդ տարի այս օրը կոմունիստները փոքր-ինչ ավելի շռայլ են Հոկտեմբերյան հեղափոխության տոնը նշելիս: Նրանք վարձակալել են Ազգային օպերայի դահլիճը, որտեղ հնչում է Արամ Խաչատրյանի գրած Խորհրդային Հայաստանի հիմնը: Կոմունիստները փաստում են, որ հեղափոխությունը 81 տարի անց էլ չի ավարտվել:
1999-ի նոյեմբերի 6-ին Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցի ուսուցիչներն ու ծնողները քաղաքապետ Ալբերտ Բազեյանից պահանջում էին թույլ չտալ դպրոցի նախկին տնօրենի վերադարձը կրթական հաստատություն, որի մասին որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը: Նախկին տնօրենն, ըստ ուսուցիչների, արդեն հայտարարել է, որ վերադառնալով դպրոց՝ հաշվեհարդար է տեսնելու իր հակառակորդների հետ եւ Բազեյանն էլ իրեն չի կարող խանգարել: Բազեյանը այդպես էլ հասկացնում է ուսուցիչներին՝ չի պատրաստվում խանգարել:
Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարույր Հայրիկյանը 1999-ի նոյեմբերի 6-ին հայտարարում է, որ «Զինվորական դատախազության մասին» օրենքով հոկտեմբերի 27-ի գործն իրավունք չունի գտնվելու զինվորական դատախազության վարույթում: 27-ի գործով, ըստ Հայրիկյանի հարցաքննվելու են լրագրողներ, պատգամավորներ, կառավարության անդամներ եւ նրանցից ոչ մեկը զինվորական չէ: Հայրիկյանի համոզմամբ գործը պետք է վարի Ազգային անվտանգության նախարարությունը: Հայրիկյանը դեմ է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբորը վարչապետ նշանակելուն:
2000-ի նոյեմբերի 6-ին վախճանվում է Հայաստանի ժողովրդական արտիստ, տաղանդավոր տենոր, 88-ամյա Ավագ Պետրոսյանը : Նա օպերայի պատմություն մտավ Տիգրանյանի «Անուշ» օպերայում Սարոյի դերը խաղալով:
2001-ի այս օրը գյուղակադեմիայի եւ ճարտարագիտական համասարանի քոլեջների ուսանող տղաները կրթության նախարարության դիմաց բողոքում են, որ իրենց խաբել են: Ընդունվելիս նրանց վստահեցրել են, որ ուսումնառության ընթացքում բանակ չեն տանելու, մինչդեռ զինկոմիսարիատներից ծանուցագրերն արդեն եկել են, ուսման վարձերն էլ՝ վճարած: Ընդդիմադիր պատգամավորները 2001-ի այս օրը հիասթափված են՝ Սահմանադրական դատարանը չի քննարկել «Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին» օրենքի սահմանադրականությունը: Ըստ նրանց, այստեղ խառն է Դաշնակցություն խմբակցության մատը, որը նամակով ՍԴ-ին ասել է, որ ինքը չի մասնակցելՍԴ դիմելու ստորագրահավաքին: Ընդդիմադիրների կարծիքով Դաշնակցությունն ուզում է պաշտոններ ստանալ: «Սերժ Սարգսյանը կոռումպացված պաշտոնյա է»,-2006-ի այս օրը հայտարարում է «Թրանսփերենսի ինթերնեյշընալի» հայաստանյան ներկայացուցիչը: Ըստ նրա, ՀՀԿ խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն օգտագործում է իր վարչական ու անձնական միջոցները` սեփական նպատակներին հասնելու համար, օրինակ՝ քաղաքական քարոզարշավի ժամանակ: