Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ 45-րդ նախագահ, հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը՝ ներկայացնելով որպես ուժեղ, խելացի և դինամիկ։
Ի պատասխան՝ Արամ Առաջինն իր երախտագիտությունն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս ճգնաժամային պահին։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նոր վարչակազմով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, մասնավորապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների և էթնիկ զտումների համար պատասխանատվության ապահովման հարցերին։