Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 2-ը նոյեմբերի․ ԱՄՆ ներկայացուցիչը եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի (տեսանյութ)

Նորանկախ պետությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեսթանովիչի ասուլիսը 1997-ի նոյեմբերի 2-ին տեւում է ընդամենը 10 րոպե։ Մարդը եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի։

Նույն օրը Հայաստանի սոցապնախարար Հրանուշ Հակոբյանն ու ԱՄՆ դեսպան Պիտեր Թոմսոնը ստորագրում են մի պայմանագիր, որով Հայաստանին է հանձնվում 10 հազար տոննա նավթ։ 5 հազար 500 տոննան կբաժանվի հանրակրթական դպրոցներին, մնացած 4 հազար 500-ը՝ աղետի գոտու անապահով ընտանիքներին՝ ընտանիքը 160 լիտր, լիտրը՝ 5 դրամ։ Անցյալ տարի դեսպանատունը 30 հազար լիտր էր տվել, մյուս տարի խոստանում է ավելի քիչ տալ, մենք արդեն զարգանում ենք։

1998-ի այս օրը Գյումրիում հայ տղաները մկաններ են ցույց տալիս երկրաշարժի 10-րդ տարելիցի առիթով։ Հայաստանի բոդիբիլդինգի առաջնության երկու հաղթողները Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Տղամարդու գեղեցկությունն ընդգծելու համար այս մրցույթին միայն գեղեցկուհին էր պակասում, նա էլ բարձրացավ բեմ։

1999-ի նոյեմբերի 1-ին Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հրաժարական է տալիս Սերժ Սարգսյանը։

2000-ի այս օրերին դերասան Կարեն Ջանիբեկյանով հետաքրքրվում է Երեւանի ոստիկանությունը։ Կենտրոնի Ներքին գործերի բաժինը նրան հրավիրել է հասկանալու, թե ինչ գործ ուներ նախորդ օրը ձերբակալված ռուս գործարար Արկադի Վարդանյանի հակաքոչարյանական միտինգներին եւ քայլարշավին։ Այնուհետեւ նա 24 ժամ է անցկացնում քննչական մեկուսարանում։

2000-ի նոյեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեսթանովիչին եւ ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Քերի Քավանոյին ընդունում է նախագահ Քոչարյանը։Նրանք տարածաշրջան են ժամանել ծանոթանալու ոչ միայն Երեւանի եւ Բաքվի մոտեցումներին Արցախի հարցի լուծման մասին, այլեւ Անկարայի դիրքորոշման հետ։ Ավելի ուշ Սեսթանովիչը հանդիպում է լրագրողների հետ։ Նա բավարար ժամանակ ունի կանգնելու եւ խոսելու։ Նա ընդունում է, որ տարածքների փոխանակման կամ Մեղրու տարբերակի հարցում հակամարտող կողմերի միջեւ որոշակի համաձայնություն չկա։ Սեսթանովիչն ասում է նաեւ, որ տարածքների փոխանակման հարցը չի քննարկվի նաեւ նոյեմբերին կայանալիք ԵԱՀԿ երկրների նախարարների հանդիպման ժամանակ։

2000-ի այս օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պաշտոնապես բացում է մեկ ու կես տարի առաջ գործարկված «Շողակաթ» հեռուստաստուդիան։ Այն պարզապես Արարատյան թեմից տեղափոխվել է Մայր Աթոռ Գարեգին արքեպիսկոպոսի կաթողիկոս դառնալուց հետո։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավատում է Ղարաբաղի հարցի լուծման Մինսկի խմբի ջանքերին։ Նախարարն անկեղծորեն ասում է, որ Արցախի հակամարտությունը զբաղեցնում է արտգործնախարարության աշխատանքի չնչին տոկոսը։

2005-ի այս օրը Հայաստանի թատերական գործիչների նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Երվանդ Ղազանչյանը եւ դերասան Սոս Սարգսյանը։ Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին Սոս Սարգսյանի առաջադրումը զայրացնում է՝ ու՞մ ունի թիկունքում՝ Դաշնակցությա՞նը։ Նրան հիշեցնում են, որ խոսում է Սոս Սարգսյանի մասին։ «Ես գիտեմ ում մասին եմ խոսում»,-կտրում է Վարդուհի Վարդերեսյանը։

2007-ի այս օրը «Բոգդան» ավտոբուսների վարորդները բողոքում էին կառավարության շենքի առջեւ, որոնք չեն ուզում, որ ինչ-որ մեկը սեփականաշնորհի իրենց ավտոբուսները։ Նրանց մոտ է իջնում վարչապետ Սերժ Սարգսյանը, որը վարորդներին հույս է տալիս՝ մի անհանգստացեք, նոր սեփականատերը ձեզ գործից չի ազատի։

2010-ի նոյեմբերի 2-ին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն արդեն գիտի, թե ով է մրցակցելու Սերժ Սարգսյանի հետ 2013-ի նախագահի ընտրություններում եւ ապահովելու վերջինիս հաղթանակը։ Դա ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը չեն, նրանց ԿԸՀ-ն չի գրանցելու։

2013-ի փետրվարի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն համարում է հավաքական թեկնածու եւ ասում, որ չի հանդուրժելու սուտն ու կեղծիքը ոչ ընդդիմությունից, ոչ էլ նախագահի թեկնածուներից։

2012-ի այս օրերին հասարակության մեջ մեծ աղմուկ է բարձրացրել բերանը կարած կալանավորների մասին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն արձագանքը, ըստ որի բերան կարելը կալանավորների մոտ սովորական երեւույթ է։ Նախարարության դեմ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ այդ առիթով ակցիա են անում, բայց չեն ուզում տեսնել նախարարի երեսը։