Բացել լրահոսը Փակել լրահոսը
Egiptos-24.10.24
A A
Տնտեսություն

Քննարկվեցին հայ-եգիպտական տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալեց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:

ՀԱԳՄ-ն ներկայումս նախագահում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Գործարար խորհրդում, և հանդիպման մասնակիցները դեսպանին ներկայացրին կազմակերպության հիմնական նպատակներն ու խնդիրները, դերակատարությունը տարածաշրջանի տնտեսական ինտեգրման գործում, մինչ այս իրականացված միջոցառումները։

ՍԾՏՀ Գործարար խորհրդի քարտուղարի պարտականություններն իրականացնող, ՀԱԳՄ ծրագրերի ղեկավար Արթուր Ղազարյանը դեսպանին փոխանցեց կազմակերպության նախաձեռնություններից մեկը, ըստ որի առաջարկվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բեռների՝ Սուեզի ջրանցքով փոխադրման համար սահմանել որոշակի զեղչ։ Վերջինս հնարավորություն կտա ակտիվացնել տարածաշրանային գործակցության համատեղ ծրագրերը, խորացնել տնտեսական ինտեգրացիոն գործընթացները։

Արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ողջունելի համարեց ցանկացած ինտեգրացիոն ձեռնարկ և պատրաստակամություն հայտնեց հարցը բարձրաձայնել իր երկրի պատկան ատյաններում։

Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան–Եգիպտոս երկկողմ տնտեսական կապերին, նշվեցին այն ուղղությունները, որոնք ունեն առաջմղման լավ հեռանկարներ, այդ թվում՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, դեղագործություն, շինարարության ոլորտ։

Սերենադ Սոլիման Գամիլի գնահատմամբ՝ քաղաքական առումով երկու երկրների միջև հաստատված է բավական լավ հարաբերություններ, մինչդեռ տնտեսության ասպարեզում իրացվում է առկա ներուժի փոքր մասը միայն։ Այս առումով երկուսեք կարևորվեց Հայաստանի և Եգիպտոսի գործարար համայնքների միջև կապերի ակտիվացումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Եգիպտոսի գործարար կառույցների միջև համագործակցության խորացումը, երկկողմ այցելությունները։

Հանդիպմանը մասնակցեց ՀԱԳՄ նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։