Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում այս անգամ հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։

Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության և հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ինչպես նաև ավելցուկը կվերաուղղորդվի համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների հոսանքի ծախսի կրճատմանը։

«Էլեկտրական էներգիայի կայուն աղբյուրներից օգտվելը ոչ միայն թույլ է տալիս համայնքներին խնայել համայնքային բյուջեներն ու ավելի շատ խնդիրներ լուծել բնակիչների համար։ Դա նաև ապրելակերպ է թելադրում, որի կենտրոնում շրջակա միջավայրի պահպանությունն է, հոգատարությունն է բնության և միմյանց նկատմամբ։ Ucom-ն էլ որպես պատասխանատու ընկերություն իր պարտքն է համարում հոգ տանել համայնքերի ու բնության մասին և օրինակ ծառայել այս առումով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս արևային կայանի տեղադրումը կարևոր քայլ է ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների էներգիայի ծախսերի նվազեցման առումով, այլև ցուցիչ է այն ապրելակերպի, որը կդարձնի մեր համայնքները ավելի կայուն և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար։ «Արևորդի» ՀԿ-ում մենք մշտապես աջակցում ենք այնպիսի լուծումների, որոնք խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը՝ նպաստելով մաքուր, էներգաարդյունավետ և ավելի կանաչ ապագայի ձևավորմանը մեր համայնքների համար», - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Շատ շնորհակալ ենք Ucom ընկերությանը այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար` հատկապես Գառնիկ Կարապետյանի այգում, որտեղ դրա կարիքը շատ զգացվում էր։ Արևային կայանների տեղադրումը ոչ միայն ավելի կլուսավորի մեր այգին, որը մեր ծերերի և երիտասարդների ժամանցի վայրն է, այլև զգալի խնայողություն կբերի համայնքի բյուջեին։ Հուսով ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կշարունակվեն՝ հանուն մեր համայնքի բարօրության և կայուն ապագայի», - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Յուքոմի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի մարզի և Սյունիքի մի շարք տարբեր բնակավայրերում։