ՀՀ ի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 21-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները:
«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը:
Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը:
Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:
Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով:
Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Հարցուպատասխանի ձեւաչափում ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ, քարտեզներով, Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով եւ դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով:
«Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջեւ սահմանազատման բազային սկզբունք եւ առաջնորդվել դրանով, որը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համարե,- ասել է հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ըստ նրա` կանոնակարգով կարգավորվում է հանձնաժողովների համատեղ գործունեությունը, սահմանվում են հանձնաժողովների գործունեության ընթացքում մշակվող եւ ընդունվող փաստաթղթերի ցանկը, փորձագիտական խմբերի աշխատանքների եւ ծախսերի կազմակերպման սկզբունքները, սահմանազատման գործընթացի ավարտին կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցեր:
Նշվել է, որ կանոնակարգի համաձայն` սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելիք քարտեզագրական փաստաթղթերը, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը:
Սարգիս Խանդանյանի տեղեկացմամբ Ազգային ժողովի կողմից կանոնակարգը վավերացնելու համար նախապայման է` դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրության համապատասխանության հարցը: «ՍԴ որոշմամբ այս պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` եզրակացնելով, որ նախագծի ընդունման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խորհրդարան. նախագիծը լրամշակման կարիք չունի, եւ նախագծին առնչվող այլ օրենքի կամ ԱԺ-ի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է»,- փաստել է պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ խորհրդարանում հարցի քննարկումը նաեւ ժողովրդավարության սկզբունքներից բխող գործընթաց է: Սարգիս Խանդանյանն առաջարկել է դրական եզրակացության տալ նախագծին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Ելույթներում խորհրդարանականներն իրենց դիտարկումներն են արտահայտել փաստաթղթի վերաբերյալ: Եղել են ե'ւ դրական, ե'ւ բացասական տեսակետներ:
Ընդդիմադիր պատգամավորները խոսել են ներկայացված կանոնակարգի վավերացման հիմքերի բացակայությունից եւ դրա բացասական հետեւանքներից: Կարծիք է հնչել, որ կանոնակարգը պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու սկզբունքներ, չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ:
Եզրափակիչ ելույթում Մհեր Գրիգորյանը նշել է, որ հընթացս անդրադարձ կկատարվի խնդրահարույց հարցերին: Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին` զեկուցողը կարեւորել է այլընտրանքային առաջարկների կամ մոդելների վերաբերյալ երկխոսությունը:
5 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: