A
A
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:
2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և անդրադարձել մրցույթին մասնակցելու կարևորությանը:
«Պետք է արձանագրենք, որ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը մեծ պատվով է կրել այդ տիտղոսը, որը վկայում է այն մասին, որ սահմանված բարձր նշաձողը պահպանվում է, և տարեցտարի բարելավվում է քաղաքների պատրաստվածությունը: Ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում ենք՝ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ դրանցից որևէ մեկը բացարձակ առաջատարի դիրքերում չի գտնվել. ուսումնասիրման արդյունքում յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:
Հաղթող ճանաչված Ապարան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ մրցույթին մասնակցել են մարտական տրամադրվածությամբ և երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճելու մեծ ցանկությամբ: