Հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառ․ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման և զարգացման շրջանակներում տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն ներգրավելու պահանջով։ Ըստ հիմնավորման, նպատակահարմար է համարվել Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել Իտալիայի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրված և գործող «Սիստեմատիկա» ընկերությանը: Վերջինս, որպես խորհրդատու մասնակիորեն ներգրավված է եղել «ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության կողմից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքներում։ Ընկերության հետ բանակցվել է ծառայությունների շրջանակը՝ այն համաձայնեցնելով նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս առաջադրանքի շրջանակում նախատեսվում է ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որն էապես կօգնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը: «Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ է դարձել, որ նմանատիպ ծրագրերի հաջողության հիմնական պայմաները տրանսպորտային կապվածությունն է և շարժունակության հնարավորությունները»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախագծի շրջանակում ակնկալում ենք ստանալ տրանսպորտի մաստեր պլան: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է 8 ամիս։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, այժմ կամաց-կամաց մտնում են ծրագրի իրականացման շրջափուլ: «Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակված է լինելու։ Այսինքն՝ քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործելը նախատեսված չէ։ Ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար՝ որոշակի գրաֆիկով», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հավելել է՝ անհրաժեշտ է ունենալ հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաքի շրջանցիկ ճանապարհ։ «Իհարկե, կա նաև ռազմավարական պատկերացում: Ես հույս ունեմ, որ մենք կսկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառ, հետագայում էլ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Այս պարագայում կստացվի, որ Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն», - ասել է վարչապետը: