Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել էր առերևույթ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ հուլիսի 29–ին Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում, Երևան քաղաքի բնակիչներ Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենով միմյանց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել՝ անհանգստության և տագնապի զգացողություն առաջացնելով տվյալ տարածքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։
Նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել էին կրակոցներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում էր կայացվել վերոնշյալ 2 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
2024 թվականի օգոստոսի 30-ին հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել էր:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2024թ․ հոկտեմբերի 9-ին, հետախուզվող երկրորդ անձը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և վերցվել արգելանքի: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե