Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ապագա ուսուցիչների երդման արարողությունը Մանկավարժական համալսարանում

 

 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը:

Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ուսանողներին հիշարժան և գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառման առթիվ։ «Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը պատասխանատվություն է, ուսուցիչ լինելը` մասնագիտություն լինելուց բացի՝ նաև կոչում և առաքելություն։ Այսօրվա ձեր երդումը կարծես յուրատեսակ խորհուրդ ունի. այն կնիք է, որ հաստատում է ձեր նվիրումն ուսուցչի առաքելությանը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ լավ մասնագետ դառնալով՝ նրանք կարող են նպաստել երկրի զորացմանը:

Նա ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարության ամենօրյա աշխատանքում առաջնային տեղ է գրավում մանկավարժի դերի վերարժևորումը, և այդ ուղղությամբ բարեփոխումներն աշխատանքի կարևոր բաղադրիչ են։

«Մանկավարժական համալսարանն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք համալրել են մեր երկրի ուսումնական հաստատություններն ու մշակութային կառույցները․ լիահույս եմ, որ դուք կշարունակեք ձեր մասնագիտական ներուժով ծառայել կրթական գործին: Սա ձեր կյանքի լավագույն փուլերից է, և ես ցանկանում եմ, որ դուք այս տարիներից ստանաք առավելագույնը»,- խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ուսանողներին շնորհավորել է նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը. «Միասին պետք է լինենք ուսուցչական համակազմի այն լավագույն ներկայացուցիչները, որոնք դիմակայելու են կրթության մարտահրավերներին և լինելու են զարգացման ու ձեռքբերումների առաջամարտիկները»: 

Նշենք, որ երդման արարողության օրն ընտրվել է՝ ի պատիվ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրվա:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ