Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-10-12 132210
A A
Հասարակություն

Ինչպես գրական, այնպես էլ քաղաքական և ռազմական դաշտում մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը․ Օլիվիե Դըկոտինյի

Այսօր Կոնգրես հյուրանոցի երկու սրահներում՝ Ֆրոնկոֆեստ 2024-ին կկայանան ֆրանսալեզու հինգ գրքի շնորհանդես, պանելային քննարկումներ, կլինեն հատուկ հյուրեր, կհնչի ֆրանսիական երաժշտություն, կներկայացվի նորաձևություն և խոհանոց: Իսկ Գոնկուր մրցանակը  կհայտարարի Հայաստանյան մասնաճյուղ ստեղծելու մասին։

Ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի պաշտոնական մուտքը Հայաստան մեկնարկեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։

«Ինչպես գրական, այնպես էլ քաղաքական և ռազմական դաշտում մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը»,- բացման իր խոսքում ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Դեսպանը նշեց նաև, որ Հայաստանը 2018-ին հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, որ մոտ 50 հազար աշակերտ Հայաստանում սովորում է ֆրանսերեն, Երևանի պետական և Բրյուսովի անվան համալսարաններում կան ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոններ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում ևս ֆրանսերենի ֆակուլտետ կա, Ֆրանսիական համալսարանում ավելի քան 2200 ուսանող է սովորում, ու դա, իհարկե նպաստում է երկրների մշակութային կապերի զարգացմանը և ունի ռազմավարական նշանակություն։ Իսկ այն, որ Հայաստանը մասնակցում է Գոնկուր մրցանակի ընտրությանը, ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը ֆրանկոֆոն տիրույթի կարևոր մաս է։ 

«Գոնկուրն ընդլայնում է աշխարհագրությունը։ Հայաստանը 39-րդ երկիրն է, որ միացավ Գոնկուր մրցանակի Ազգային ժյուրիներին։ Սա նաև լավ հնարավորություն է այլ երկրների գրական ճաշակին ծանոթանալ։ Գոնկուրի Հայաստան գալը մեզ համար խորհրդանշական ու քաղաքական նշանակություն ունի և երկար կյանք եմ մաղթում հայկական Գոնկուրին»,- ասաց ֆրանսիացի գրող, փիլիսոփա, Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկներն ու հայտարարեց, որ Գոնկուրը գալիս է Հայաստան և մինչև այս դարի վերջ չի գնա Ադրբեջան։

Նշենք, որ Գոնկուրը Հայաստանում Ազգային ժյուրի կհիմնի Newmag հրատարակչության, Հայաստանում ֆրանիսայի դեսպանատան, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ու ֆրանսիական ինստիտուտի համատեղ ջանքերով։

Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Գոնկուրի մուտքը հայակական գրական դաշտ կարելի է համարել վերջին տասնամյակի ամենամեծ գրական իրադարձությունը։

Franconfest 2024-ի ընթացքում կհայտարարվի ազգային ժյուրիի կազմը։ Նրանք Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական ​​համալսարանի և Վ. Բրյուսովի անվան պետական ​​համալսարանի ֆրանսիական գրականության բաժինների 31 ուսանողներ են, ովքեր կկարդան կիսաեզրափակիչ անցած ութ գրքերը, մարտին կլինի քվեարկություն և հաջորդ փառատոնին Newmag–ը կհրատարկի այդ գրքի հայերեն թարգմանությունը։