Դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը մասնակցել է Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը առցանց ձևաչափով կայացել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առաջնությունը, որին մասնակցել է 51 երկրների 116 թիմ: Այս առաջնությունը առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ խաղին հանդես են եկել նաև անչափահասների և ազատազրկված կանանց շախմատի հավաքականները։
Հայաստանի ազատազրկված անձանց թիմը, շնորհիվ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի սերտ համագործակցության, ամեն տարի մասնակցել է առաջնությանը:
Այս տարի հայաստանյան թիմը ներկայացրել են ազատազրկված անձանց շրջանում շախմատային մարզումների և միջհիմնարկային մրցաշարի արդյունքում ընտրված լավագույն վեց խաղացողները՝ դատապարտյալներ Հակոբ Աբաջյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մարատ Սարգսյանը, Հովհաննես Թորգոմյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, Արեն Չատինյանը «Վանաձոր» և Անդրանիկ Ասրյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկներից։
Խաղի բացմանը ներկա են եղել և ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներկայացուցիչներ։
Մինչ առաջնությունը Հայաստանի հավաքականի ազատազրկված անձանց հետ աշխատել է Ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գասպարյանը։
Արդյունքում՝ Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց՝ շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։