Կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել
Աջակցիր «Ա1+»-ինՕրենսդրական նախաձեռնություն. կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել:
Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել, որը կլինի ընկալելի հարկ վճարողի համար և միաժամանակ կապահովի պետության կողմից սահմանված` դասակարգիչների արտացոլման պահանջի կատարումը: