Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի 85 տոկոսն արդեն կառուցվել է. ՀՀ ՏԿԵ փոխնախարար
Աջակցիր «Ա1+»-ինՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանը փոխնախարարը հիշեցրեց, որ 400 կՎ լարման երրորդ գիծը կունենա ժամում 1200 մեգավատ հզորություն:
«Այն այժմ ավարտական փուլում է, 85 տոկոսն արդեն կառուցվել է։ Կլինի 280 կմ գիծ Հրազդանից դեպի Իրանի հետ սահման և ևս 400 կՎ ենթակայան Սյունիքի մարզում։ Եվ ևս մեկ գիծ կլինի դեպի Վրաստանի սահման։ Ամբողջ նախագծի ավարտից հետո հնարավորություն կլինի միացնել չորս երկրները ՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը, բայց մեծ հաշվով Իրանն ու Ռուսաստանը։ Եվ առաջին անգամ նման մեծ երկու էներգահամակարգերի միացման հնարավորություն կունենաք»,- ասաց Վարդանյանը։
Փոխնախարարի կարծիքով՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը շահավետ կլինի ամբողջ ԵԱՏՄ-ի տարածքի համար։
«Նոր գծերի կառուցումից հետո հնարավորություն կունենանք էլեկտրաէներգիա արտահանել երկու ուղղություններով։ Մենք հիմա էլ շատ ավելորդ էլեկտրաէներգիա ունենք, գրեթե այնքան կարող ենք արտադրել, որքան օգտագործում ենք երկրում»,- եզրափակեց Վարդանյանը։