Էրիկ Էսրայիլյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես համահիմնադիր
Աջակցիր «Ա1+»-ինԷրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Այս մասին տեղեկացրին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։
Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո:
«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը եւ ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ եւ խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: «Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող եւ բարդացող մարդասիրական ճգնաժամերի եւ «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»:
Նուբար Աֆեյանը շարունակեց. «Էրիկը եղել է «Ավրորայի» ակտիվ եւ անբաժան աջակիցը՝ ոչ միայն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, այլ նաեւ որպես 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ: Ես ուրախ եմ, որ նա համաձայնվել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, եւ օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարեւոր հաջորդ փուլում: Միասին մենք կսկսենք եւ կանցնենք բովանդակալից մի ճանապարհ, քանի որ «Ավրորան» շարունակում է գործով արտահայտել իր երախտագիտությունը՝ հույս եւ օգնություն պարգեւելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:
2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում եւ տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում: Նախաձեռնության գործունեության հաջորդ փուլի հիմքում կլինի առ այսօր գրանցված առաջընթացը՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի հիմնական ուղերձը համաշխարհային հանրությանը հասցնելու համար, որպեսզի ավելի ընդլայնի «Ավրորայի» հերոսների ադեցությունը:
«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա»,- ասաց Էրիկ Էսրայիլյանը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»:
2024 թ. սեպտեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երեւանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ, կբացի Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ: Այս արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Էրիկ Էսրայիլյանը եւ Նուբար Աֆեյանը: Այս քանդակը «Ավրորայի» երախտագիտության արտահայտումն է Ավրորա Մարդիգանյանին, որի խիզախությունն ու պատմությունը ոգեշնչել են նախաձեռնության համահիմնադիրներին: Բացի այդ, այս հուշակոթողը հարգանքի տուրք է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն նահատակների հիշատակին։ Բացման արարողությանը կհաջորդի մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որն ստեղծվել է նաեւ Էրիկ Էսրայիլյանի ջանքերով եւ պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին: