Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (3)
A A
Հասարակություն

Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1205 անշարժ գույք․ դատախազի տեղ

Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 18-20-ը Սերբիայի Հանրապետությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող՝ «Քրեական բռնագանձման լրացուցիչ գործիքների ներդրում» թեմայով համաժողովին:

Գլխավոր դատախազի տեղակալը ելույթի ընթացքում ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել վերոնշյալ ոլորտում պետությունների միջև համագործակցության կարևորությունը, ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական կարգով բռնագանձման ոլորտում օրենսդրական կարգավորումները, ձևավորվող պրակտիկան և հայաստանյան փորձը:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնված 537 ուսումնասիրություններին և նշել, որ 163 անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել հայցի ապահովում կիրառելու 192 միջնորդություն: «Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 320 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 566 մլրդ դրամ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու հավելել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազությունը կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 մլն դրամ:

Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 3 վճիռների համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ: