Հազարավոր վիրավորներ փեյջերների պայթյունների հետևանքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼիբանանում առնվազն 8 մարդ է զոհվել, 2 հազար 750-ը վիրավորվել են մայրաքաղաք Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախարար Ֆիրաս Աբիադի հրապարակած տվյալներով՝ վիրավորներից 200-ի վիճակը ծայրաստիճան ծանր է:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորների թվում է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթափա Ամանին:
Բազմաթիվ լրատվական գործակալություններ հայտնում են, որ փեյջեր սարքերը պատկանում էին լիբանանյան «Հեզբոլա» զինյալ խմբավորման անդամներին: Լիբանանից ստացվող հաղորդումները վկայում են, որ խմբավորման հարյուրավոր անդամներ են վիրավորվել:
Reuters-ը, հղում անելով երեք անանուն աղբյուրների, հաղորդում է, որ պայթել են փեյջերների նոր մոդելները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում ներմուծել էր «Հեզբոլա»-ն:
«Նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն անլար կապի սարքեր, հեռու մնալ դրանցից, քանի դեռ չի բացահայտվել՝ ինչ է տեղի ունեցել», - ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը, որը թիրախավորել է կապի սարքերը։