Գողացած հեռախոսով փող էր պահանջել և ստացել հեռախոսատիրոջ ընկերներից
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը:
Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:
Նաև հայտնել է, որ հեռախոսը գողանալուց հետո այնտեղ ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով հեռախոսատիրոջ ընկերներից, հաղորդագրությունների միջոցով, պահանջել և ստացել է փող, որը փոխանցվել է բուքմեյքերական խաղային հաշվին, ինչից հետո հեռախոսը վաճառել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: