Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել ՀՀ ԳԱԱ-ի հետ․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԳԱԱ նախագահության հայտարարությունը
Սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է:
Կարծում ենք, որ ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի հետագա զարգացման հարցերն ունեն սկզբունքային նշանակություն ինչպես գիտության ընդհանուր ոլորտի զարգացման, այնպես էլ ՀՀ-ում գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման տեսակետից: Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել գիտական հանրույթի և ՀՀ ԳԱԱ-ի հետ: Բովանդակային քննարկումները հնարավորություն կտային մշակել գիտական հանրության կողմից ընդունելի մոտեցումներ և գտնել այնպիսի լուծումներ (կարգավորումներ), որոնք ուղղված կլինեին տասնամյակների ընթացքում ՀՀ գիտության ոլորտում ձևավորված ավանդույթների, ինչպես նաև համաշխարհային գիտական տարածքում մեր ունեցած դիրքի պահպանմանն ու հետագա զարգացմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկված ձևակերպումը հարուցում է մի շարք բովանդակային և կազմակերպաիրավական բնույթի հարցեր, ինչն անորոշության միջավայր է ստեղծում գիտական կազմակերպությունների և գիտնականների համար:
Համոզված ենք, որ գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի:
Սույն մոտեցումն առավել կառուցողական է, հնարավորություն է տալիս ոլորտի համար սկզբունքային նշանակություն և հետևանքներ ունեցող լուծումներն (որոշումները) ընդունել հարցի ամբողջական և համակողմանի քննարկման արդյունքում: