Ատեստավորման նոր համակարգը մեկնարկել է Քրեակատարողական ծառայությունում
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին:
Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Նախարար Գրիգոր Մինասյանը, կարևորելով ՔԿԾ-ում ներդրված ատեստավորման գործընթացը, հաջողություն և բարի ծառայություն է մաղթել մասնակիցներին:
Ատեստավորման նոր համակարգի առաջին փուլին մասնակցում է Քրեակատարողական ծառայության 36 աշխատակից: Առաջին օրը քննությանը մասնակցել է 13 ծառայող, բոլորը հաջողությամբ հաղթահարել են ուժային վարժություններից նախատեսված քննությունը: Սեպտեմբերի 13-ին ատեստավորմանը կմասնակցեն հայտ ներկայացրած մնացած ծառայողները:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ատեստավորման ավարտին շրջայց է կատարել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում: