Օրացույց․ 8-ը սեպտեմբերի․ Քոչարյանը չի կողմնորոշվում՝ մասնակցի՞ նախագահի ընտրություններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի սեպտեմբերի 8-ին մեկնարկում է Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանը։ Խորհրդարանի խոսնակ Բաբկեն Արարքցյանն ասում է՝ օրակարգում քննարկվելու են միայն այն հարցերը, որոնք հարմար են գտնում հանձնաժողովները։
Նույն օրը հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը հարկային քաղաքականության ամենամեծ ձեռբերումը համարում է ակցիզային դրոշմանիշների կիրառումը։ Պետությունն, ըստ նրա, ակցիզով ռենտգենյան ճառագայթներ է նետում շահութաբեր ոլորտներ եւ տեսնում, թե ինչ խոցեր կան ներսում:
Մեր կառավարությանը հաջողվել է համոզել ֆրանսիական մի ընկերության՝ մասնակցելու Սյունիքի մարզի միանգամից երկու հիդրոէլեկտրակայանի սեփականաշնորհման մրցույթին։ Դրանցից մեկը հրդեհի պատճառով վնասվել է։ Սեփականաշնորհումից հետո նրանք խոստանում են առաջին տարին աշխատել առանց շահույթի։
1997-ի սեպտեմբերի 8-ին վարչապետ Ռոբերտ Քոչարյանն այցելում է Պետական համալսարան եւ հանդիպում է Գիտական խորհրդի հետ։ Վազգեն Խաչիկյանը զեկուցում է, որ համալսարանի ճաշարանները չեն դիմանում կառավարության հարկման նոր համակարգին։
1998-ի այս օրը Բաղրամյան 26-ում ընդունում են մանկական շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներին։ Հավաքականի կազմում են Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը։ Նրանց տալի են հուշանվեր եւ փող։ Արցախյան պատերազմի ավարտից ավելի քան 4 տարի հետո Շուշի քաղաքը հիշեցնում է հենց նոր զանգվածային ռմբակոծության ենթարկված բնակավայրի։ Իշխանություններն ինչ-որ պլաններ ունեն՝ բացել դպրոց, անցկացնել ջրագիծ, կոշիկի գործարանի մասնաճյուղ։ Քաղաքի միակ ավարտված շինությունը Ղազանչեցոց եկեղեցին է։
1999-ի սեպտեմբերի 8-ին Հայաստանը «Հրազդան» մարզադաշտում 2։3 հաշվով պարտվում է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին ։Ֆրանսիացիների մարզիչ Ռոժե Լեմերը գոհ էր հայ ֆուտբոլիստներից՝ խաղացին այնպես, ինչպես քչերին է հաջողվում: Կանադացի բիզնեսմենը 2000 թվականի այս օրը Հայաստանում է ։ Նա ասում է, որ այդ հսկա երկիրն ունի 30 միլիոն բնակչություն, երեխաներ քիչ են ծնվում։ Եկել է գործնական խորհուրդներ տա արտագաղթելու ցանկություն ունեցող հային՝ ինչպե՞ս օրինական ճանապարհով տեղափոխվել Կանադա: Նույն օրը Երեւանի կրկեսում պաշտամունքի են հավաքվել «Ճշմարիտ Ավետարանի» քրիստոնյաները: Այլ բառով, այս մարդիկ հոգեգալստականներ են։
Առաջին անգամ Հայաստանում մի քանի հազար մարդ, իրենց բառերով, Սուրբ հոգով ներշնչված ընկնում են մտահափշտակման մեջ։ Ապագա Հյուսիսային պողոտայի այսօրվա զոհերը դեռ կանգուն իրենց տնակների մոտ 2001-ի սեպտեմբերի 7-ին բողոքում են քաղաքապետարանի երեկվա աճուրդից։ Նրանք չեն ուզում լքել իրենց բնակարանները եւ պատրաստ են պայքարել իրավական դաշտում։ Նրանք գնում են ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանի մոտ, որն ասում է, որ պետությունն իրավունք ունի վաճառելու իրենց հողը:
2001-ի սեպտեմբերի 7-ի իրիկունը Արաբկիրի ոստիկանությունը մտնում է «Արմենթելի» դեմ նախորդ օրվա հանրահավաքի մասնակիցներից մեկի՝ Պետրոս Մակեյանի բնակարան, տակնուվրա անում այն ու բերման ենթարկում Մակեյանին ։ Սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան ենթարկում է 10 օրյա վարչական կալանքի:
Մինչեւ 2001-ի սեպտեմբերի 7-ը Ռոբերտ Քոչարյանն, իր բառերով, չէր կողմնորոշվում՝ երկրորդ անգամ մասնակցի՞ նախագահի ընտրություններին, թե չմասնակցի։ Ծանոթանալով ընդդիմադիր եռյակի իշխանափոխության մասին հայտարարությանը, սեպտեմբերի 8-ին նա հայտարարում է, որ կողմնորոշվել է՝ մասնակցելու եմ, քանի որ այդ եռյակում չարացած մարդիկ են, թույն են ներշնչում: Ի դեպ, այս օրը նա այցելել էր Հրանտ Վարդանյանին պատկանող մի ձեռնարկություն, որտեղ ամփոփում էր իր իշխանության երեք տարիներին կատարված աշխատանքները:
2008-ի այս օրը Սերժ Սարգսյանն ազատվում է իր աշխատակազմի ղեկավարից։ Պատճառն այն է, որ օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում Հովիկ Աբրահամյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նույն օրը ՀՀԿ գործադիր մարմինը որոշում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել աննպատակահարմար։ Միեւնույն ժամանակ, գործադիր մարմինը հավանություն է տալիս Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար:
2009-ի այս օրերին Շիրակի մարզի Բազմաբերդ գյուղում հորդառատ անձրեւից հետո հայտնաբերվել են մարդու մարմնի մնացորդներ։ Բնակիչները հայտնաբերել են նաեւ հին դարերին վերագրվող իրեր: Սա Երեւանի պետական կրկեսի շենքի վերջին կադրերից է, մի քանի վայրկյանից այն հավասարեցվում է հողին ։ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետը 2012-ի սեպտեմբերի 8-ին բացատրում է, թե ինչու որոշեցին կրկեսի եղած շենքը բարեկարգելու փոխարեն այն ապամոնտաժել մինչեւ հիմքերը: