Ագրարային ուղղվածությամբ մի շարք մասնագիտությունների սովորողները կստանան 70-77 հազար դրամ կրթաթոշակ
Աջակցիր «Ա1+»-ին
Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից, որով, մասնավորապես, նախատեսվում է կրթաթոշակային քաղաքականության սկզբունքների վերանայում՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերին համահունչ:
«Առաջարկում ենք կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով՝ նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում (դրանում ընդգրկված են ԲՏՃՄ ուղղությամբ մանկավարժական ծրագրերը) կատարել փոփոխություններ և դրանում ներառել նաև ագրարային ուղղվածության կրթական ծրագրերը»,- նշել է նախարարը:
Առաջարկվում է ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք մասնագիտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ անասնաբուժությունը, անասնաբուժական-սանիտարական փորձաքննությունը, ագրոնոմիան, որտեղ ներառված են օրգանական գյուղատնտեսությունը, ջերմատնային ագրոտեխնոլոգիան և բույսերի պաշտպանությունը, ինչպես նաև անտառային տնտեսությունն ու բնակավայրերի կանաչապատումը, անասնաբուծությունը, կենդանագիտությունը և կենսատեխնոլոգիան, պարենամթերքի տեխնոլոգիան, խմորման արտադրության տեխնոլոգիան և գինեգործությունը, սննդամթերքի անվտանգությունը, ագրարային ճարտարագիտությունը, ճշգրիտ գյուղատնտեսությունը և այլն:
«Այս առաջարկն արվում է, քանի որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ պետական աջակցությամբ, որոնք առաջ են բերում մասնագիտական կադրերի հսկայական պահանջարկ, որի բավարարման համար անհրաժեշտ է, որպեսզի խթանվի այս ոլորտում կրթություն ստացող դիմորդների թիվը: Նախագծի ընդունման արդյունքում 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային նշված մասնագիտություններով սովորողներին, որը կնպաստի այդ կադրերի՝ աշխատատեղերի ժամանակին և պատշաճ համալրմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանը»,-ասել է նախարարը՝ կարևորելով, որ որոշումը կտարածվի 2024/2025 ուսումնական տարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:
Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է, որ նախորդ տարի ընդունված որոշման արդյունքում, որը վերաբերում էր բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերին, գրանցվել է բուհ ընդունվածների թվի աճ: Մասնավորապես, եթե 2022 թվականին ԲՏՃՄ ուղղությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով միասին առկա էր ընդամենը 124 ուսանող, ապա 2023 թվականին գրանցվել է շուրջ 2 անգամ աճ՝ 251 ուսանող: «2024 թվականին արդեն ունենք 304 ուսանող, որը շուրջ 2,5 անգամ ավելի է 2022-ի համեմատ, այսինքն՝ մինչև որոշման ընդունումը: Ընդ որում՝ բակալավրիատում գրանցվել է աճ՝ 3,5-4 անգամ, իսկ մագիստրատուրայում՝ 2,5: Այս պարագայում որոշման նախագիծը կվերաբերի շուրջ 220 ուսանողի, որոնք կսովորեն ագրարային ոլորտի մասնագիտություններով»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը գյուղատնտեսության ոլորտում թափուր աշխատատեղերի համալրման, տարածքային համաչափ զարգացման, ագրարային կրթության որակի բարձրացման և ուսումնական ծրագրերի մրցունակության առումով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով վերոնշյալ գործընթացների մեկնարկը դպրոցից սկսելու հանգամանքը, տեղեկացրել է, որ հանրակրթության բարեփոխումների շրջանակում դպրոցների 7-րդ և 8-րդ դասարաններում պարտադիր են դարձել մասնագիտական կողմնորոշման խմբակները, որոնցում աշակերտները ծանոթանում են տարբեր մասնագիտությունների, այդ թվում՝ գյուղատնտեսական, դրանց հեռանկարներին և զարգացումներին:
«Ագրարային համալսարանի հետ աշխատանքի արդյունքում ձևավորվել է «Ագրոտեխնոլոգիա» առանձին դասընթաց, որը ներդրվել է որոշ դպրոցներում: Ընդ որում՝ քանի որ դպրոցները բուհերի հետ կարող են աշխատել նաև կրեդիտային համակարգով, այս դասընթացը դիտարկվում է որպես կրեդիտային համակարգի հնարավորությամբ դասընթաց: Սա նշանակում է, որ դպրոցներում համապատասխան դասընթացը յուրացրած աշակերտների համար հետագայում բուհում սովորելը դառնում է ավելի արդյունավետ, որը նաև մասնագիտական կողմնորոշման լավ հիմք է»,-ներկայացրել է նախարարը:
Անդրադառնալով բուհական կրթության որակի խնդրին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթաթոշակը բոլորի համար գործելու է միայն 1-ին կուրսում. երկրորդ կուրսից այն տրամադրվելու է ըստ առաջադիմության՝ կրթաթոշակի կհավակնեն միայն այն ուսանողները, որոնք կունենան առնվազն 80 տոկոս ՄՈԳ: «Այսինքն՝ որակի հետ կապված հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այստեղ, իհարկե, մոնիթորինգի հետ կապված հավելյալ մեխանիզմներ են պետք, որոնց ուղղությամբ ներկայում աշխատում ենք: Բացի դրանից՝ Ագրարային համալսարանն իր կրթական ծրագրերում ներդրել է աշխատանքային կիսամյակի գաղափարը, որը նշանակում է, որ առնվազն մեկ կիսամյակ ուսանողը պետք է ոլորտի սովորի գործատուի մոտ աշխատելով: 3-րդ կուրսի ուսանողների առնվազն 60 տոկոսն արդեն աշխատանքի է անցնում, ինչը նշանակում է, որ դեռ բուհը չավարտած՝ նրանք արդեն պահանջված մասնագետներ են: Բուհի բովանդակային բարեփոխումներն ավելի ռազմավարական գործընթացի մաս են կազմում. Ագրարայինը նախատեսված է ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերում, որը պատահական չէ, քանի որ ագրարային մասնագիտությունները դառնում են տեխնոլոգիական, որն ակադեմիական քաղաքում կունենա իր պատշաճ արտացոլումը»,-ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ