Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում փոխվում է հերթերի կառավարման համակարգը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդնում է հերթերի կառավարման առավել արդյունավետ համակարգ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«2023 թ-ի մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում էին էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։ Հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային համակարգ) նոր տրամաբանությամբ՝ բոլոր տարածքային ստորաբաժանումներում ներդրվում է հավասարապես և՛ էլեկտրոնային հերթագրվելու, և՛ տեղում կտրոնով սպասարկվելու հնարավորություն։
Նոր համակարգն արդյունավետությամբ գործարկելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին ուղարկվում են ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։
Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի՝ օրացույցի ավելի լայն հասանելիությամբ։
Քաղաքացիների հարմարավետության ապահովման նկատառումներով՝ փոփոխությունների արդյունքում կապահովվի հարթակի նույն հասցեն (migration.e-gov.am), հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությունն ու տրամաբանությունը՝ փոքր փոփոխություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։