Օրացույց․ 2-ը սեպտեմբերի․ Թուրքիան ցանկանում էր Գյումրիում տեքստիլ գործարան բացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի սեպտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննարկում է մի պայմանագիր, որով Հայաստանը միանում է Ուզբեկստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքմենիայի միջեւ կնքված տարանցիկ փոխադրումների կարգավորման մասին բաց համաձայնագրին։ Ինչպես է Ադրբեջանը կատարելու այս համաձայնագիրը, եթե պատերազմի մեջ է Հայաստանի հետ։ «Պարտավոր է»,-ասում է դատարանում նախագահ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Հենրիկ Քոչինյանը։
Նույն օրը հայտնի է դառնում, որ նախորդ օրվա քվեարկությամբ Ղարաբաղի նախագահ է ընտրվել արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։Նրա օգտին քվեարկել է քվեների մոտ 90 տոկոսը։ Ընտրությունների անօրինականության մասին Ադրբեջանի տեսակետը պաշտպանել է նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանը։
1998-ի սեպտեմբերի 2-ին բացվում է Գորիս -Ստեփանակերտ ավտոմայրուղու Լաչին-Շուշի հատվածի մի մասը ։Բացմանը մասնակցում է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս տեղեկացնում է, որ պլանավորում են վերանորոգել նաեւ Մարտակերտ-Հադրութ ճանապարհը, որի համար սակայն առայժմ միջոցներ չկան։
1998-ի այս օրը Հայաստանում դոլարի գինն աճում է մինչեւ 510 դրամ։ Գլխավոր գանձապետի տեղակալն ասում է, որ պատճառը ոչ թե Ռուսաստանի ճգնաժամն է, այլ հայ սպեկուլյանտները, որոնք օգտվել են առիթից։ Հայաստանն ամենայն հավանականությամբ կմերժի Թուրքիայի Հանրապետության 75-րդ ամյակի միջոցառումներին մասնակցելու Անկարայի հրավերը։ Այս մասին նույն օրը Ստեփանակերտում տեղեկացնում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանում Ամերիկայի դեսպան Մայքլ Լեմոնը չի կասկածում, որ մաքսանենգ ճանապարհով ատոմային ոչ մի սարքավորում եւ նյութ Հայաստան չի մտել։ Սակայն հենց այդպիսի նյութեր հայտնաբերելու համար դեսպանը հայ մաքսավորներին է նվիրում ռադիացիոն դետեկտոր սարքերով հարուստ մի մեքենա, որն ատոմային նյութեր եւ չհայտարարագրված այլ սարքեր հայտնաբերելու շնորհք ունի։ Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի անկախության օրն է։ Ղարաբաղի անկախությունը Հայաստանի անկախությունից մեծ է 19 օրով։ Նա միջազգայնորեն ճանաչված չէ անկախության 8-րդ տարում։
2000 թվականի սեպտեմբերի 1-ին եւ 2-ին կտրուկ ընկել է հանրապետության ջերմային աստիճանը ։ Հյուսիս-արեւմուտքից ցուրտ օդային հոսանքներ են ներխուժել։ Աշոցքում սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը գրանցվել է 1 աստիճան տաքություն։ Փոխարենը Երեւանում ամառն էր աննախադեպ տաք։ Հայաստանը համագործակցում է Թուրքիայի հետ։ Արդյունաբերության նախարարությունը եւ թուրքական «Նետեքս» ընկերությունը 2000 թվականի այս օրը հուշագիր են ստորագրում, որով Գյումրիում թուրքական կողմը գրեթե ավերակների վերածված գործարանը։ «Նետեքսի» հետ պայմանագրից հետո ամերիկահայ ինչ-որ գործարարներ փորձում են իրենք դառնալ ներդրող թույլ չտալու համար թուրքական կապիտալի մուտքը Հայաստան։
1993-95 թվականների բարբարոսությունից հետո «Հաղթանակ» զբոսայգու ծառերը ոչնչացվում են նաեւ 2000 թվականի այս օրերին։ Զբոսայգում նաեւ հանելուկային եղանակով հրդեհներ են բռնկվում։
2001-ի այս օրերին արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը մեծ հույսեր է կապում կաշվի արտադրության հեռանկարների հետ։ Մինչեւ հիմա անկառավարելի է եղել Հայաստանից կաշվի հումքի արտահանումը։ Հիմնականում Թուրքիա։ Սեփականաշնորհման պետական քաղաքականությունը 2001-ի այս օրերին ընդդիմադիրներին ստիպում է հայտարարել, որ առաջին հերթին պետք է սեփականաշնորհել Ռոբերտ Քոչարյանին ։Առիթը, սակայն «Արմենթելի» րոպեավճարի կիրառումն է։ Հենց Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանն է առաջինը ողջունել «Արմենթելի» հետ գործարքը։
2008-ի այս օրը Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացնում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա որակավորման խաղի իր տոմսերից: «Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության հյուրընկալող կողմը պարտավոր է տոմսերի 5 տոկոսը տրամադրել հյուրընկալվող կողմին, բայց Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է` նշելով, որ իրենց երկրպագուները չեն ժամանելու: Փոխարենը նրանք ժամանելու են 130 հոգանոց պատվիրակությամբ», –ասում է Ռուբեն Հայրապետյանը: