Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:
Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:
«Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Կիրանցը և կեցցե՛ն մեր երեխաները, որոնք այսօր մուտք գործեցին Կիրանցի նորակառույց դպրոց»,- ամփոփել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:
Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին, կյանքին նոր որակ է բերում:
Վարչապետը վերահաստատել է այն միտքը, որ դպրոցն առաջին հերթին աշակերտներին, երեխաներին պետք է պատրաստի բարեկեցիկ, հարուստ կյանքի. «Մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք դառնալ հարուստ: Օրինական, ստեղծարար աշխատանքով հարստանալ և հարստացնել գյուղը, բնակավայրը, մարզը, պետությունը: Սա ամենակարևոր հմտությունն է, որ մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք»:
Կառավարության ղեկավարը կարևորել է՝ կրթական բոլոր ծրագրերը պետք է լինեն պետականակենտրոն, որովհետև պետությունն այն ամենակարևոր արժեքն է, որն ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկա ավելի կարևոր արժեք, քան պետությունն ու պետականությունը, որովհետև դրանք մեր ինքնության պահպանման ամենակարևոր գրավական են: Վարչապետն ընդգծել է, որ նաև պետական մակարդակով են արձանագրել, թե որոնք են մեր ազգային արժեքները, որոնք պետք է ուսուցանեն նաև դպրոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին նորակառույց դպրոց ունենալու առիթով: