Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (78)
A A
Պաշտոնական

Կասեցնել «Ոստիկանության մասին» օրենքում նախագծերի փաթեթի ընդունումը․ Արդյունաբերողների և գործարարների միություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հայտարարությունը «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օրեցօր բազմապատկվում են ահազանգերն ու նամակները, որոնցով տնտեսվարողներն իրենց մտահոգությունն են հայտնում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ։

Ընդհանրացնելով ձևավորված մոտեցումները՝ ՀԱԳՄ նախագահությունը գտնում է, որ խնդրո առարկա նախագծերի փաթեթի հիմնավորումները հստակ և որոշակի չեն, հարվածի տակ է դրվում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վտանգվում է երկրի ընդհանրական անվտանգությունը, ստեղծվում են լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր։

Տնտեսվարողների միջոցների հաշվին տեսախցիկների համատարած տեղակայումը և այն 24/7 ռեժիմով ոստիկանությանը հասանելի դարձնելը ոչ միայն աննպատակահարմար է և որոշ դեպքերում գործնականում անհնարին, այլև հսկայական լրացուցիչ ֆինանսական բեռ է գործարարների համար։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ հանրային վայրերում, պետական կառույցների շենքերի վրա, ճանապարհներին արդեն իսկ տեղակայված են հազարավոր տեսախցիկներ, որոնք լիովին բավարար են իրավապահ մարմիններին՝ հասարակության անվտանգության ապահովնման,  հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման համար։  

Գործող կարգն անհրաժեշտության դեպքում լիովին թույլ է տալիս դատական կամ պատկան մարմնի կողմից կայացված որոշմամբ ստանալ ցանկացած, այդ թվում՝ մասնավոր ընկերություններում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները։ Նոր նախագծով շրջանցվում է այս կանոնակարգումը՝ դատական իշխանության՝ որոշ առումով զտիչ գործառույթն անմիջականորեն վերապահելով ոստիկանությանը։

Նախագծերի փաթեթը ենթադրում է օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրում այն դեպքում, երբ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նշված նոր դրույթը կարող է նպաստել նաև  առևտրային գաղտնիքների արտահոսքին՝ խաթարելով ազատ մրցակցային դաշտը։

Նախագծերի փաթեթի շատ դրույթներ հակասության մեջ են գործող այլ օրենքներին։ Մասնավորապես անտեսված են բանկային և բժշկական գաղտնիքի  պահպանման դրույթները,  որոնց իրավապահ մարմինների հասանելիության համար, ըստ գործող օրենսդրության, որոշակի պայմաններ են սահմաված։

44-օրյա պատերազմի, ռուս–ուկրաինական հակամարտության ընթացքում քանիցս համոզվել ենք, որ տեսահսկման համակարգերի առկայությունը կիբեռանվտանգության առումով  առավել խոցելի է դարձնում, ուստի երկիրը համատարած տեսախցիկներով պատելն ու այն միասնական ցանցի միացնելը էապես թուլացնելու է մեր արտաքին անվտանգությունը։ Առավել ևս, որ նախգծով հստակ չէ, թե ինչ տեխնիկական չափանիշներ են սահմանվելու, ովքեր են պատասխանատու լինելու տեսանկարահանող սարքերի տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման ու արդիականացման համար։

Նախագծում հստակ սահմանված չեն նաև, թե ինչպես են վերահսկվելու տեսահսկման տեղեկատվական համակարգերում իրականացվող անօրինական գործողությունները, տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, պահպանելու, ոչնչացնելու կարգը, առկա  չեն մշակվող տվյալների անվտանգության տեխնիկական երաշխիքներն ու դրանց ապահովման մեխանիզմները:

Հաշվի առնելով նշված և տնտեսվարողների կողմից բարձացված այլ խնդրահարույց փաստարկները, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը գտնում է, որ նպատակահարմար է կասեցնել «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։ Միաժամանակ պատրաստակամ ենք պատկան մարմիններին հանգամանալի ներկայացնել նախածին վերաբերող մեր ամբողջական դիտարկումները, մասնակցել ակնկալվող հանրային քննարկումներին։