Բացել լրահոսը Փակել լրահոսը
047048
A A
Քաղաքականություն

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Օգոստոսի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Ֆիդանը Բայրամովի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Ադրբեջանին որակելով եղբայրական պետություն, գործուն է համարել «մեկ ազգ, երկու պետություն» ըմբռնումը:

Թուրքիայի արտգործնախարարն այդ համատեքստում շեշտել է վերջերս Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողքին լինելու փաստը, իսկ նախկին հայկական տիրապետությունն այդ հողերի վրա որակել «բռնազավթում»:

«Մեր նախագահի և նախագահ Ալիևի կողմից 2021թ․ հունիսի 15-ին ստորագրված Շուշայի (Շուշի) հռչակագրով դաշնակցային մակարդակի բարձրացած Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն էլ ավելի առաջ տանելու համար առանց ընդմիջման շարունակում ենք մեր աշխատանքները»,-ասել է նա:

Այնուհետև, անդրադառնալով հանդիպման օրակարգին, նշել է, որ քննարկվել են տնտեսական համագործակցությանը ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

«Եվս մեկ անգամ վերահաստատել ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության պահ առաջ հաստատման ուղղությամբ մեր համատեղ ցանկությունը։ Այս շրջանակում գնահատել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները»,-հավելել է Ֆիդանը:

Օրակարգից դուրս չեն մնացել համաշխարհային զարգացումներն ու Թյուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիանլ աշխատանքների ամրապնդմանը վերաբերող հարցերը ևս:

Այս համատեքստում երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապվածության, լոգիստիկ ճանապարհների և դրանց զարգացման հարցերի վերաբերյալ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող հարձակումներին՝ տեղի ունեցողը որակելով կոտորած: 

Ֆիդանը խոսքն ամփոփել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների հետագա շարունակական խորացման մասին շեշտադրմամբ: