Այսօր Կապանի տոնն է
Աջակցիր «Ա1+»-ինԱվանդույթի համաձայն օգոստոսի երրորդ շաբաթ օրը մեծ շուքով նշվում է Հայաստանի հարավային մայրաքաղաք՝ Կապանի տոնը: Այն որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն գոյություն է ունեցել դեռեւս 5-րդ դարում, վկայում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Դարերի պատմություն ունեցող Կապանը, սակայն, շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին, հետեւաբար այս տարի տոնում ենք քաղաքի կոչում ստանալու 86 ամյակը:
Օգոստոսի 17-ի տոնական օրվա միջոցառումների մեկնարկը ազդարարվեց համաքաղաքային ֆլեշմոբ-հյուրասիրությամբ: Համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները առաջինը շնորհավորեցին հերթապահության մեջ գտնվող կապանցիներին: Նորապսակների այգու հարակից տարածքից հեծանվավազքով սկսվեց մարզական միջոցառումների շարքը։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները, Կապան ժամանած հյուրերը՝ ԻԻՀ Սպահան քաղաքի պատվիրակությունը, հանրապետության մի շարք համայնքների ղեկավարներ հարգանքի տուրք մատուցեցին Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար, ծնունդով Վերին Խոտանան գյուղից Պողոս Տեր Դավթյանի հիշատակին, այնուհետեւ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին։ «Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաք» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Գեւորգ Փարսյանը իր շնորհավորական խոսքում անդրադարձավ ինչպես Կապանի պատմությանը այնպես էլ մերօրյա քաղաքի զարգացմանը։ «Ուզում եմ մի փոքր անդրադառնալ նաև այժմյան Կապանին, որտեղ իրագործված բոլոր ծրագրերն ու կատարված աշխատանքները նպատակաուղղված են եղել համայնքի համաչափ զարգացման ապահովմանը, բնակիչների կյանքի ու գործունեության համար առավել հարմարավետ միջավայրի ձևավորմանը։ Այս տարիների ընթացքում առաջնորդվել ենք համայնքի պարտադիր և առաջնահերթ խնդիրների լուծման սկզբունքով և մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահել քաղաքաշինության, կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում բարեփոխումները։ Շարունակել ենք աշխատել, կառուցել, ավարտել կիսատը, սկիզբ դրել նոր ձեռնարկների և գաղափարների և իհարկե, դեռ շարունակելու ենք: Սիրելի՛ կապանցիներ, համոզված եղեք, որ մեր բոլոր նախագծերի հիմքում ընկած է մեկ նպատակ. այն ինչ արվում է, արվում է հանուն Կապանի զարգացման և կապանցու ընդհանուր բարօրության, քանի որ Կապանը բոլորիս մեծ տունն է։ Մեր բոլորիս ջանքերը նպատակաուղղված են այն իրողությանը, որ դուք ձեր կապվածությունը Կապանին պայմանավորեք ոչ միայն ծննդյան և գրանցման փաստով, այլ նաև Կապանում աշխատելու, արարելու և բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությամբ»,-իր ելույթի ժամանակ ասաց Գեւորգ Փարսյանը։ Ավանդույթի համաձայն համայնքի ղեկավարի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների արժանացան տարբեր ոլորտներում համայնքի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած անձինք։
Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով պարգևատրվել է գիտնական, վաստակաշատ մանկավարժ Սեյրան Բալասանյանը։
Պաշտոնական մասից հետո բեմում էին «Զանգեզուր» ժողովրդական պարի համույթի սաները՝ 5-ամյակի հոբելյանական համերգային ծրագրով։ Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մանկական զբոսայգու հարակից տարածքում լուսանկարների ցուցադրության էր՝այն կրում էր «Կապանցիներ․Թաքուն աշխարհից լույսի աղբյուրներ» խորագիրը։
Կապանի պատմությանը, ականավոր դեմքերին, կարեւոր իրադարձություններին կարելի էր տեղեկանալ Սյունյաց երկիր ամսագրի շնորհանդեսին՝ որը հատուկ լույս է տեսել Կապանի տոնին։
Կարևորելով առողջ ապրելակերպ ու մարզական կյանքի աշխուժացումը համայնքում քաղաքի տոնի առթիվ հանդիսավորությամբ բացվեց Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոցը։
Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք։ Քաղաքի օրը շնորհաշատ կապանցիները հնարավորություն ունեցան իրենց արտադրանքը ներկայացնել հանրությանը։
Կապանի օրվա տոնական օրը նշանավորվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի տպավորիչ համերգով։ Կապանցիներին մինչեւ ուշ երեկո ուրախ տրամադրություն ապահովելու էին եկել նաեւ երգիչներ Արամեն, Գարիկը և Սոնան։
Ժամանցային ծրագիր վարում էին Պոնչը եւ Տոմա Պետրոսյանը։