Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եզդիները մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կգործեն իրենց վրա. Համլետ Սմոյան (տեսանյութ)

Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար անհանգստություն և խորը մտահոգություն ունենալով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակի մոտ բողոքի ակցիայի է կազմակերպել՝ կոչ անելով գլխավոր քարտուղարին դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը։

Ակցիայի ժամանակ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ Համլետ Սմոյանը նշել է, որ վերջին մի քանի օրում եզդիների նկատմամբ գեներացվում է ատելության մեծ խոսք և եզդիական փախստականների ճամբարում խուճապային տրամադրություններ են, քանի որ մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կսկսեն իրենց վրա։

Ըստ Սմոյանի, պատճառն այն է, որ եզդիների ցեղասպանության 10-ամյակի կապակցությամբ եզդիական ջոկատի հրամանատարներից մեկն ասել էր, որ «քանի Մուհամեդը կա, մեր ազգի գլխին կոտորածն անպակաս է լինելու՝ նկատի ունենալով այն, որ մինչ այժմ ահաբեկիչները, երբ որ ցեղասպանություն էին գործում եզդիների նկատմամբ, դա անում են Ալլահի և Մուհամեդի անվան ներքո»։

«Դեպքերն այնպես զարգացան, որ շիա և սուննի մահմեդական հոգևորականներն իրենց քարոզչության ընթացքում կոչ արեցին ոչնչացնել եզդի ժողովրդին, վերջինիս կրոնը, քանի որ եզդիականությունը դեմ է մահմեդականությանը։ Դրանից հետո այս ամենը մեծ ալիք ստացավ, և սոցիալական ցանցերում տարբեր հեղինակավոր մարդիկ կոչ էին անում ոչնչացնել եզդիներին։ Նույնիսկ Մոսուլում եզդիների դեմ բողոքի ակցիա կազմակերպվեց, ինչի հետևանքով եզդի փախստականների ճամբարում խուճապային տրամադրություն էր տիրում․ մարդիկ փորձում էին փախուստի դիմել ճամբարից՝ կարծելով, որ հարձակման կենթարկվեն»,- ասում է Հ․ Սմոյանը։

Ատելության խոսքի տարածման պատճառները իշխանության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն է, ասում է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ անդամը։

«Միայն երեկ են շիա և սուննի մահմեդականության հոգևոր ներկայացուցիչները հանդիպել եզդի հոգևորականների հետ՝ փորձելով հանդարտեցնել մթնոլորտը, ասելով, որ մեկ մարդու ասածը չի կարելի վերագրել ամբողջ ժողովրդին։ Ատելության խոսքի գեներացման պատճառն այն է, որ իրաքյան իշխանությունները ցանկանում են փակել եզդի փախստականների ճամբարը, որի մասին անգամ որոշում կար և հուլիսի 30-ին պետք է ճամբարները փակվեին։ Մինչ այժմ, սակայն, գործողություն չի արվել։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Սինջարի իրենց տներ, սակայն չեն կարողանում, քանի որ համապատասխան ենթակառուցվածքները դեռ վերականգնված»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում հիմնականում անդրադարձ է կատարվում Իրաքում եզդիների դեմ ատելության խոսքի աճող դեպքերին և կոչ արում միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի տարածումը կանխելու և եզդիներին հնարավոր նոր ցեղասպանությունից պաշտպանելու ուղղությամբ։