ԱՄՆ աջակցությունը Վրաստանին. ի՞նչ կրճատվի, իսկ ի՞նչը կշարունակվի. Jnews.ge
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու կառավարությունների միջև լարվածության ֆոնին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը օգոստոսի 1-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրացական հասարակության բազմաթիվ շերտերին, ներառյալ ուսուցիչներին, ուսանողներին, փոքր բիզնեսի սեփականատերերին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, և որ ԱՄՆ-ը միշտ կլինի «Վրաստանի ժողովրդի բարեկամն ու գործընկերը»:
Դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է ամերիկյան կառավարության և «ամերիկյան ժողովրդի բացարձակ աջակցությունը Վրաստանի ժողովրդին» և նշել, որ «մենք գործընկերներ ենք եղել 33 տարի։ Մենք միասին աշխատել ենք 33 տարի»՝ «նպաստելու Վրաստանի անկախության, ինքնիշխանության և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։ Մենք կշարունակենք դա անել Վրաստանի ժողովրդի համար»:
Խոսելով Վրաստանի իշխանություններին ուղղակի օգնության դադարեցման մասին՝ դեսպանն ասել է. «Մենք բազմիցս քննարկել ենք վրացական իշխանությունների որոշ գործողություններ, որոնք մեզ շատ անհանգստացնում են. որոշ հակաժողովրդավարական գործողություններ, ինչպես, օրինակ, արտաքին ազդեցության մասին օրենքը, ինչպես նաև այլ գործողություններ և կեղծ հայտարարություններ ԱՄՆ-ի վերաբերյալ, բացասական հռետորաբանություն՝ Միացյալ Նահանգների և Արևմուտքի վերաբերյալ: Մենք բազմիցս մտահոգություն ենք հայտնել և խնդրել կառավարությանը վերանայել իր գործողությունները։ Մենք նաև ասացինք, որ կվերանայենք մեր երկկողմ հարաբերությունները»։
Այնուհետև նա շեշտեց, որ օգնության սառեցումը այս վերանայման արդյունքն է, և որ «դա դադարեցնում է մեր որոշ օգնություն, որն ուղղակիորեն տրամադրվում է կառավարությանը»: Դեսպանը նաև հայտարարել է, որ «մենք շարունակում ենք աջակցել ուսանողներին, ուսուցիչներին, ֆերմերներին, փոքր բիզնեսի սեփականատերերին, քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»:
«Մեր օգնությունը Վրաստանի պաշտպանության ուժերին նույնպես կշարունակվի», – ասել է Դանիգանը: «Ինչպես ասել է պետքարտուղարը, ամեն ինչ վերանայման փուլում է»:
Նա ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները հանգեցրել են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի կասեցմանը։ «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել միասին՝ օգնելու իրագործել վրաց ժողովրդի ձգտումը՝ դառնալ արևմտյան ժողովրդավարական երկրների ընտանիքի անդամ: Մենք պատրաստ ենք վերականգնել այդ հարաբերությունները»։
«Հուսով եմ, որ կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի սկզբնական հունին վերադառնալու համար։ Ուզում եմ կրկնել, որ մենք միշտ լինելու ենք Վրաստանի ժողովրդի բարեկամն ու գործընկերը»,- հավելել է դեսպանը։
Հուլիսի 31-ին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ կդադարեցնի Վրաստանի կառավարությանն ավելի քան 95 մլն դոլարի չափով ֆինանսական օգնությունը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս որոշումը կայացվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության վերանայումից հետո, որն իր հերթին պայմանավորված է Վրաստանի կառավարության «հակաժողովրդավարական գործողություններով»։
Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին օգուտ բերող ծրագրերին ու գործունեությանը՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը։