Բացել լրահոսը Փակել լրահոսը
453506797_1034695441344874_1664297085647721035_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր, արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 քաղաքական կամ խղճի բանտարկյալներ, ովքեր ազատազրկված էին Ռուսաստանի Դաշնությունում։

Հատկանշական է, որ արևմուտքը, լինելով պատերազմի մեջ ՌԴ-ի հետ, օգտագործում է բանակցային բոլոր հնարավորությունները՝ ՌԴ բանտերում պահվող տարբեր երկրների քաղաքացիների ազատ արձակման համար։

Նույն արևմտյան երկրները ամեն օր հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

▪️Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները բարձրացնում են Ադրբեջանում պահվող քաղաքական և խղճի բանտարկյալների՝ Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ամենօրյա աշխատանք են տանում այս ուղղությամբ։

▪️Արդյո՞ք արևմտյան պետությունները, որոնք ցանկանում են, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, չեն փորձում խղճի, պատերազմի հայ բանտարկյալներին ազատ արձակել Ադրբեջանի բանտերից, որի հետ ունեն ռազմավարական համագործակցություն և ի տարբերություն ՌԴ-ի՝ արևմուտքն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն գտնվում միմյանց դեմ։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախկին նախագահները ճանաչվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և այդպիսով նրանք ավելի բարձր կարգավիճակ ունեն ու ավելի մեծ շանսեր նման ճանապարհով ազատ արձակվելու։

Ուղղակի զբաղվող է պետք, աշխատել է պետք այդ ուղղությամբ, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հրաշալի օրինակ է։

Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին»։