Բացել լրահոսը Փակել լրահոսը
75
A A
Հասարակություն

Արցախցի Քրիստինեն նպատակ ունի հելյունով տիկնիկագործության դասընթացներ անցկացնել

Քրիստինե Փարամազյանի «Mishunti_toys» հելյունագործ տիկնիկների արտադրությունը երեք ամյա պատմություն ունի։ Այն ծնվել է հոգու մեծ ցավից ու տառապանքից և դարձել հոգու սպեղանի մինուճար եղբորը կորցրած Քրիստինեի համար։

«Ծնվել եմ Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Ծննդավայրիս հետ կապված բազմաթիվ անգին հիշողություններ ունեմ։ Այն իմ ու եղբորս մանկության ու պատանեկության ամենանվիրական ու թաքուն աշխարհն էր, որտեղ կարող էինք կտրվել աշխարհի դարդ ու ցավից։ Կարոտել եմ գյուղս, անափ կարոտով»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է երիտասարդ ձեռներեցը։ Նախնական կրթությունը ստացել է Ստեփանակերտի հ. 10 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի քույրական բաժինն ու ավարտել կարմիր դիպլոմով:

«Բարձրագույն կրթությունս ստացել եմ Արցախի պետական համալսարանում։ Ավարտել եմ բնագիտական ֆակուլտետի կենսաբանության բաժինը: Տիկնիկագործությամբ ավելի ուշ եմ սկսել զբաղվել: Ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ 2020 թվականից հետո, երբ կորցրեցի իմ թանկին, իմ եղբորը: Ավելի ուշ, երբ արդեն ունեցա տղայիս՝ ավելի շատ սկսեցի մտածել իմն ունենալու և ստեղծելու մասին»:

Այդպես «Mishunti_toys»_ը երիտասարդ մայրիկի համար դարձավ հոգեթերապիա, աշխարհի ցավից կտրվելու միջոց։ Անտանելի ցավից ու տառապանքից բարի ու երջանկացնող, դիմացինին ուրախացնելու միջոցով է հիմա նա գտնում հոգու հանգստությունը։

«Շատ դժվար ու խորդուբորդ ճանապարհ եմ անցել, ու չնայած ճակատագրի հասցրած դաժան հարվածներին՝ չեմ հանձնվել: Արցախում այդքան էլ ակտիվ գործունեություն չէի վարում, հետպատերազմական ծանր ժամանակաշրջանին հաջորդեց շրջափակումը, համատարած ցավի ու տառապանքի մեջ տեղս չէի գտնում»:

Հաստատվելով Հայաստանում՝ Քրիստինեի սիրած զբաղմունքն ու հոբբին աստիճանաբար վերածվեց բիզնես գաղափարի։ Հետո արդեն ստացավ առաջին պատվերները, ինչն էլ առաջ նայելու, առաջ շարժվելու ազդակ եղավ մինուճար եղբորն ու հայրենիքի կորուստը սգացող հայուհու համար։ «Հպարտ եմ իմ Բոկայով, նա իմ վեհությունն է, այդուհանդերձ հերոսի քույր լինելն ինձ համար ավելի շատ ցավ է։ Բռնագաղթց հետո այդ ցավը կրկնապատկվել է, քան որ զրկվեցի նաև հորս և եղբորս գերեզմաններին այցելելու հնարավորությունից, ինչը գոնե մի փոքր սպեղանի կլիներ մեր տառապանքներին։ Իմ մի մասնիկն Արցախում է մնացել»,- ցավը հոգում խեղդած ասում է զրուցակիցս։ Քրիստինե Փարամազյանն ընտանիքի հետ հաստատվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ «Այժմ փոքրիկիս խնամքի հետ համատեղում եմ ընտանեկան փոքրիկ բիզնեսիս աշխատանքները։ Օրս լցնում եմ ուրիշներին ուրախություն պարգևելու հնարավորությունով, ոգևորվում այն մի փոքրիկ ժպիտով, որ կարողանում եմ պարգևել իմ համերկրացիներին։ «Mishunti_toys»-ն իմ զավակն է, որ հասակ է առնում որդուս հետ՝ ցրելով հոգուս մեջ կուտակված ցավը։ Իհարկե, դժվարություններով ու հաջողություններով լի ճանապարհով ենք անցնում, բայց աշխատում եմ միշտ գլուխս բարձր պահել»։

Առաջիկայում Քրիստինեն նպատակ ունի հելյունով տիկնիկագործության դասընթացներ անցկացնել։ Դժվարություններ շատ կան՝ ասում է, սակայն հավատում է, որ կկարողանա դրանք ևս պատվով հաղթահարել ու նպատակն իրականություն դարձնել։ Մշակութային միջոցառումների դեռևս չի հասցնում մասնակցել, քանի որ փոքրիկի խնամքի հետ առայժմ պատվերներն է հասցնում գործել: Համոզված է, դեռ շատ ենք լսելու «Mishunti_toys» ապրանքանշանի մասին, ամեն ինչ անելու է, որպեսզի այն դառնա զարգացած բիզնես։ «Հույսով եմ Աստծո օգնությամբ կհաջողեմ: Եվ «Mishunti_ toys»_ն իր կարգախոսին, որն է՝ «Թող իմ մեծ սիրով ու հոգատարությամբ գործված խաղալիքները դառնան ձեր բալիկների մանկության լավագույն ու անբաժան ընկերները, դառնան լավ հուշ ձեր բալիկների քաղցր մանկությունից», հավատարիմ մնալով հաշքներ կգործի»:

Անահիտ Պետրոսյան