«Մտահոգ ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի կեղծ մտադրությունների առնչությամբ», Ջոշուա Հաք
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում Վրաստանում և Մոլդովայում ընտրություններից առաջ ստեղված իրավիճակի հարցն էր։ Ուշագրավ է, որ քննարկմանը ներկա ամերիկացի օրենսդիրները պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ չեն շրջանցել նաև Հայաստանը:
Ո՞վ, ինչպե՞ս ու որքա՞ն է հեռացել ժողովրադավարական արժեքներից։ Նաև այս հարցերն են քննարկել Կոնգրեսում՝ անդրադառնակով հետխորհրդային նշված երկրներին։
Դեպի Արևմուտք հետևողականորեն շարժվող Վրաստանի ներկայիս հետքայլն արձանագրելիս՝ Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Կոստան կարծիք է հայտնել, որ նման միտում է նկատվում նաև Մոլդովայում ու Հայաստանում․ «Հայաստանը մի փոքր երկիր է, որը տուժել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով։ Այդ ամենը տեղի է ունեցել Ռուսաստանի թույլտվությամբ: Չնայած ժողովրդավար ներկայանալու Ռուսաստանի փորձերին, այն տեսնում եմ որպես մի երկիր, որը ղեկավարում է Պուտին անունով ռազմական հանցագործը»։
«Մտահոգ ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի կեղծ մտադրությունների առնչությամբ»,- ասել է Հարավային Եվրոպայում և Կովկասում ԱՄՆ հետ հարաբերությունների հարցով պետքարտուղարության խորհրդատու Ջոշուա Հաքը:
«Ռուսաստանը ցանկանում է իր հարևան երկրներին տեսնել թույլ ու մեկուսացած, որպեսզի այն օգտագործի ի շահ իրեն: Հայաստանի հետ կապված՝ [ԱՄՆ] ներկայիս վարչակազմը երկու կարևոր քայլ է իրականացնում։ Առաջին՝ ամեն կերպ աջակցել և հասնել արդար ու երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը վերջերս հանդիպել է երկու երկրների արտգործնախարարներներին: Հարավային Կովկասում ապրող մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար միակ բանը, որ կարող ենք անել, խաղաղության հասնելուն ուղղված ջանքերն են»,- նշել է Հաքը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր քսան հազար մարդկանց մասին խոսելիս՝ կոնգրեսական Ջիմ Կոստան հիշատակել է փախստականներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի ցուցաբերած օգնությունը, սակայն ընդգծել է, թե ավելին պետք է անել:
«Սամանթա Փաուերը վերջերս Հայաստանում էր: Նախորդ երեք տարիներին կրկնապատկել ենք Հայաստանին տրամադրվող օգնությունը»,- ասել է Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ալեքսանդր Սոկոլովսկին:
«Շատ լավ հասկանում ենք այդ ամենի կարևորությունը և շարունակում ենք աշխատել նաև մեր եվրոպացի գործընկերների հետ ու արձագանքում ենք Հայաստանի կոչերին»,- հավելել է Սոկոլովսկին: