Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 18-րդ համերգաշրջանը (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել են 2023-2024թթ. համերգաշրջանը։

Նվագախմբի տնօրենը‚ մասնավորապես‚ նշել է‚ որ 18-րդ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 85 համերգ‚ որից 51-ը՝ Հայաստանում‚ 34-ը՝ արտասահմանում։ Հայաստան են հրավիրվել մեծ ճանաչում վայելող 35 արտիստներ‚ որոնց հետ նվագախումբը հանդես է եկել հետաքրքիր համերգային ծրագրերով։ Նվագախմբի համար կարևոր է աշխատել հայտնի դիրիժորների հետ՝ բարձրացնելու համար կատարողական վարպետությունն ու ձեռք բերելու նոր փորձառություն։ Այս համատեքստում հրավիրվել են հայտնի 20 դիրիժորներ‚ որոնք հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2023-2024թթ. համերգաշրջանի ընթացքում ձայնագրվել է 48 ստեղծագործություն‚ որոնք կտեղադրվեն այն մեդիա հարթակներում‚ որոնց հետ համագործակցում է նվագախումբը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ հեռարձակում է իր համերգները՝ հնարավորություն տալով երաժշտասերներին առցանց հետևել նվագախմբի գործունեությանը։ 18-րդ համերգաշրջանում առցանց հեռարձակվել է 33 համերգ։ Հաշվետու համերգաշրջանում ներկայացվել է 20 հայաստանյան պրեմիերա։ Նվագախումբը հանդես է եկել 4 փառատոներով՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն‚ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն‚ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն‚ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոն։

Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով թողարկել է «Ազնավուրիանա» ալբոմը‚ որը ներկայացնում է Ազնավուրի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Ալբոմը հասանելի է ամենատարբեր հարթակներում։ Սարգիս Բալբաբյանն ընդգծել է‚ որ դա կարևոր ձեռքբերում է‚ քանի որ «Դոյչե Գրամոֆոն» պիտակի ներքո թողարկվում են աշխարհի լավագույն արտիստների և նվագախմբերի կատարումները։ Ընդ որում‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ Նվագախմբի տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել «Հայաստան» համահայկական հիﬓադրամին և Ակբա բանկին ում աջակցությամբ թողարկվել է «Ազնավուրիանա» ալբոմը։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև նվագախմբի կողմից իրականացվող կրթական ծրագրերին‚ մասնավորապես՝ «ԴասА»-ին‚ որն անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում՝ ներգրավելով 11 հազար աշակերտների։

Սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հանդես է եկել համատեղ նախագծով‚ որի շրջանակում նվազագույն գին է սահմանվել համերգների տոմսերի համար‚ և հանգանակություններ են իրականացվել Արցախից տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար։ Նվագախմբի միջոցով մեծ աջակցություն է փոխանցվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին։

Նվագախումբը‚ 17-րդ համերգաշրջանից սկսած‚ վաճառված տոմսերի հասույթի 10 տոկոսը փոխանցում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի ջանքերով ձևավորված «Հավատ» ՀԿ-ին։ Փոխանցված գումարով նրանք կարողանում են լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար ձեռք բերել լսողական սարքեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Երևանի քաղաքապետարանի հետ միասին անցկացրել է նաև «Harmony Felt» խորագրով ծրագիրը‚ որի շնորհիվ համերգի ընթացքում լսողության խնդիր ունեցող երեխաներն առաջին անգամ վիբրացիոն ժիլետների միջոցով կարողացել են զգալ երաժշտության թրթիռները։

Համերգաշրջանի ընթացքում նշվել են նաև հոբելյաններ‚ մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը‚ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակը‚ Ավետ Տերտերյանի 95-ամյակը‚ Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը։ Բանախոսները նշել են ծրագրերն իրականացնելու գործում պետական աջակցության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի‚ նրա ներքո ձևավորված պատվավոր խորհրդի ու վերջինիս նախագահ Ալեքսանդր Եսայանի մեծ դերը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասուլիսի ընթացքում ներկայացրել է հունիսի 26-ից 29-ն ԱՄՆ-ում տեղի ունեցած հյուրախաղերը։ Նվագախումբը ԱՄՆ երեք հեղինակավոր դահլիճներում հանդես է եկել մեկ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ‚ ինչն աննախադեպ էր։ Համերգներն ունեցել են մեծ հաջողություն‚ և ինչպես նշում է մաեստրո Սմբատյանը‚ հաջողությունը չափվում է ոչ միայն լեփ-լեցուն դահլիճներով‚ այլև ստացված արձագանքներով և նոր հրավերներ ստանալու հեռանկարով։   

Մաեստոր Սմբատյանը նշել է ևս մեկ ձեռքբերման մասին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսից միացել է Symphony.live-ի նվագախմբերի ընտանիքին։ Այսուհետև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներին ու համերգներին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել Symphony.live հարթակով։

Բանախոսներն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին։ Սերգեյ Սմբատյանը նշել է‚ որ մինչև 2026 թվականի դեկտեմբերն արդեն իսկ նախանշված են նվագախմբի անելիքները։ Իսկ առջևում շատ խիտ ու հետաքրքիր ծրագրերով հագեցած 19-րդ համերգաշրջանն է։