Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 21-ը հուլիսի․ հայ-թուրքական հարաբերությունների մասով իշխանությունները կտրուկ չեն (տեսանյութ)

1998-ի այս օրը Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը խոսում է Երեւանի լավագույն բակ մրցույթ անցկացնելու մասին։ Քաղաքապետն ասում է, որ հաղթող բակի համար ինքը կսահմանի 5 միլիոն դրամ պարգեւ։ Մալաթիա Սեբաստիա համայնքում այդպիսի մի բակ կա, որտեղ բակային ճամբար է գործում։ Երեխաներն այստեղ մարզվում են, երգում ու պարում:

1999-ի այս օրը նախագահ Քոչարյանն Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունում է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է ։ Քոչարյանն առայժմ չի ուզում լսել երկու կառույցների՝ ազգային անվտանգության եւ ոստիկանության տարանջատման մասին:  

Կառավարման դպրոց կառուցելու պատճառով 5 ընտանիք 1999-ի այս օրերին ապրում է փողոցում ։ Նրանք նախկին հանրակացարանի իրենց սենյակներից զրկվել են Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումով, քանի որ որեւէ փաստաթուղթ եւ գրանցում չունեին։ Վտարման պահանջը ներկայացրել էր ԿԸՀ նախկին նախագահ եւ կառավարման դպրոցի տնօրեն Խաչատուր Բեզիրջյանը։ Ռազմիկ Զատիկյանը հուլիսի 21-ից հայտարարում է անժամկետ հացադուլ:

2000 թվականի այս օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, լուսանկարչի կարգավիճակով մասնակցում է ցուցահանդես-վաճառքի։ 10 լուսանկարչի 50 աշխատանքների վաճառքից ստացված գումարը  նախատեսվում է ծախսել Խարբերդի հատուկ գիշերօթիկ դպրոցի երեխաների կարիքների վրա։

2000 թվականի այս օրերին խոսվում է Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման կառավարության նախագիծը համաժողովրդական հանրաքվեով ընդունելու կամ մերժելու մասին։ Անապահով խավն արդեն սկսել է ստորագրահավաք կազմակերպել վանցերի սեփականաշնորհման դեմ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2006-ի հուլիսի 21-ին ասում է, որ չի կիսում այն կարծիքը, ըստ որի նախագահ Քոչարյանին սատարող առաջին ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: «Նախ, «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս կուսակցություն չէ, որքանով տեղյակ եմ, համագումար չի արել: Եվ երկրորդ՝ ինչո՞ւմ է դրսեւորվել նրա քաղաքական աջակցությունը հանրապետության նախագահին», -ասում է Սերժ Սարգսյանը:

2009-ի հուլիսի 21-ին արտգործնախարարի պաշտոնը թողնելուց մեկ տարի հետո Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանություններից հայ-թուրքական հարաբերությունների մասով կտրուկ դիրքորոշումներ լսելու կարիք ունի։

«Հայաստանից արտագաղթ չկա, կա մարդկանց պլանավորված արտահանում»,-2011-ի հուլիսի 21-ին ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ըստ պարոն Բագրատյանի, մարդիկ ուղղակի տարբերակ չունեն Հայաստանից չհեռանալու։ Հենց այս կտրվածքով է նա գնահատում Ռուսաստանի «Հայրենակիցներ» ծրագիրը: