Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Պաշտոնական

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Ադրբեջանում գտնվող գերիների եւ պահվող այլ անձանց վերադարձին առնչվող խնդիրները

Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ

Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացմանը նվիրված Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների եւ պահվող այլ անձանց վերադարձին առնչվող խնդիրներին:

«ՀՀ-ն հավատում է, որ ուժեղ ժողովրդավարական պետությունը, որի առանցքում մարդու իրավունքներն են եւ օրենքի գերակայությունը, պետության եւ հասարակության դիմակայությունն ապահովելու խոշոր նախադրյալ է ընդդեմ բազում մարտահրավերների ու ճգնաժամերի»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու հարցում՝ ԱԺ նախագահի տեղակալն այդ առումով արժեւորել է նաեւ Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Վերջինս կիսվել է Հայաստան իր կարատած այցի լավ տպավորություններով, ինչպես նաեւ անդրադարձել սեպտեմբեր ամսին Հայաստանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովին:

«Հայաստանի խորհրդարանն ամենաերիտասարդականն է աշխարհում, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանում է անցկացվելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովը»,- նշել է նա:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադերբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ հավելել, որ Միջխորհրդարանական միության կողմից ջանքեր կներդնեն գործընթացը զարգանալու համար:

Հանդիպման ավարտին Մարտին Չունգոնգը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի եւ Միջխորհրդարանական միության միջեւ համագործակցությունը քաջալերող է, հայ պատգամավորներն ակտիվորեն ներգրավված են միության տարբեր մարմինների աշխատանքներում: